Ապագայում COVID-19-ը կարող է սովորական «մրսածություն» դառնալ, կարծում է Արեւելյան Անգլիայի համալսարանի Նորիջի բժշկական դպրոցի պրոֆեսոր Փոլ Հանթերը (Մեծ Բրիտանիա)։
Ինչպես ասվում է հոդվածում, որը հրապարակվել է The Spectator ամսագրում, SARS-CoV-2 կորոնավիրուսը, պրոֆեսորի կարծիքով, ոչ մի տեղ չի կորչի եւ, հավանաբար, բազմիցս կվարակի մարդկությանը։ Ամենայն հավանականությամբ, աշխարհին չի հաջողվի հասնել հավաքական իմունիտետի կորոնավիրուսի հանդեպ, բայց կգտնվի հավասարակշռություն անընկալունակության եւ վարակների միջեւ։
Մասնագետի կարծիքով՝ COVID-19-ի ախտանշանները աստիճանաբար կմոտենան նրանց, որոնք նկատվում են թեթեւ ձեւով կորոնավիրուսային վարակով հիվանդացածների մոտ։ Արդեն հիմա «դելտա» շտամը ավելի հաճախ դրսեւորվում է կոկորդի ցավով եւ հարբուխով։
«Նոր շտամները լի են խնդիրներով. դրանք կամ շատ ավելի վարակիչ են, կամ շրջանցում են ստեղծված իմունիտետը։ Սակայն կան խելամիտ հիմքեր կարծելու, որ «դելտա» շտամը կարող է դառնալ վիրուսի վերջնակետը»,- կարծում է Հանթերը։
Նրա կարծիքով՝ համավարակի ամենավատ մասն արդեն անցել է, համենայնդեպս՝ Մեծ Բրիտանիայում։ Սակայն բնակչությունն ամեն պարագայում վերապատվաստվելու անհրաժեշտություն կունենա։






