Կորոնավիրուսի դեմ չպատվաստվելը կարող է մարդուն կյանք արժենալ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց աշխարհահռչակ կարդիովիրաբույժ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը:

Նրա խոսքով՝ ինքը վերջերս 45-ամյա մի տղամարդու էր վիրահատել, իսկ վիրահատությունից որոշ ժամանակ անց ամեն ինչ կարգին էր: Նախանցած կիրակի հիվանդը զանգահարել էր բժշկին եւ ասել, որ ջերմություն ունի՝ 38.5 աստիճան: Բժիշկ Ալեքյանը նախ հարցրել էր՝ արդյո՞ք հիվանդը պատվաստված է կորոնավիրուսի դեմ, եւ պարզվել էր, որ՝ ոչ: Բժիշկը տղամարդուն խորհուրդ էր տվել անհապաղ հիվանդանոց գնալ: Ինչպես պարզվե էր, նրա մոտ կորոնավիրուսային վարակ կար, եւ երեքշաբթի օրը ժամը 17-ին նա մահացավ:

Ըստ կարդիովիրաբույժի՝ ամբողջ աշխարհում վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների 85-90 տոկոսը պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ:

Պատվաստման առավելությունների մեկ այլ վառ օրինակ կարելի է տեսնել Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի տվյալների համեմատության մեջ: Մեկ- մեկուկես ամիս առաջ Ռուսաստանում օրական գրանցվում էր կորոնավիրուսով վարակման 25.000 նոր դեպք, եւ նույնքան դեպք գրանցվում էր Մեծ Բրիտանիայում: Բայց Մեծ Բրիտանիայում, միեւնույն ժամանակ, օրական 50-70 մարդ էր մահանում կորոնավիրուսային վարակից, իսկ Ռուսաստանում՝ 700-800՝ ավելի քան 10 անգամ ավել:

«Ինչպե՞ս կարելի է դա բացատրել: Միայն պատվաստմա՞մբ: Բրիտանիայում քաղաքացիների 65 տոկոսը պատվաստված է, Ռուսաստանի Դաշնությունում այդ թիվը 2-2.5 անգամ պակաս է»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ պատվաստված մարդիկ, իհարկե, երբեմն եւս հիվանդանում են, բայց միեւնույն ժամանակ վերակենդանացման բաժանմունք ընդունվելու եւ մահանալու նրանց ռիսկը շատ ավելի ցածր է, քան չպատվաստված մարդկանց դեպքում: Պատվաստումը նպաստում է օրգանիզմում հակամարմինների առաջացմանը, որոնք հակազդում են հիվանդությանը: Սակայն ինչ-որ մեկի մոտ այդ հակամարմինները շատ են արտադրվում, ոմանց մոտ՝ քիչ: Ավելին, ժամանակի ընթացքում դրանց թիվը նվազում է, իսկ հետո նորից պատվաստման անհրաժեշտություն է առաջանում, ինչի հարցում, ըստ փորձագետի, անհանգստանալու ոչինչ չկա:

Ըստ կարդիովիրաբույժի՝ հատկապես կարեւոր է պատվաստվել քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, քանի որ անընդհատ վիրուսի նոր տեսակներ են հայտնվում, որոնք արագորեն տարածվում են բոլոր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում եւ Հայաստանում:

«Առանց պատվաստումների մենք ոչ մի տեղ չենք թաքնվի, մենք այլ բանի հույս չունենք»,- ասաց Բագրատ Ալեքյանը: