Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված առաջին բրիտանացին բուժման նպատակով Սիերա-Լեոնեից Լոնդոն է տեղափոխվել: Երկրի պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ հիվանդին տեղափոխող C-17 ռազմատրանսպորտային ինքնաթիռը օգոստոսի 24-ի երեկոյան թագավորական ռազմաօդային ուժերին պատկանող «Նորդհոլթ» բազայի տարածքում է վայրէջք կատարել:
Բրիտանացին, որի անունը չի հաղորդվում, Թագավորական բաց հիվանդանոցում է բուժում ստանալու: Խոսքը երկրի միակ բուժհաստատության մասին է, որտեղ սուր վարակիչ հիվանդություններով վարակված մարդկանց մեկուսացման եւ բուժման համար անհրաժեշտ պայմաններ են գործում, հաղորդում է BBC-ին:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ, մահացու վիրուսով վարակված բրիտանացու վիճակը ծանր է գնահատվում: Այդուհանդերձ, նախարարության գնահատմամբ, Էբոլա վիրուսի՝ երկրում տարածման ռիսկը շարունակում է «չափազանց փոքր» մնալ:
Լոնդոն տեղափոխված բրիտանացին, վերջին տեղեկությունների համաձայն, երկար ժամանակ Սիերա-Լեոնեում է բնակվել:
Էբոլա հեմոռագիկ տենդի ներկայիս համաճարակը ընթացիկ տարվա փետրվար ամսին՝ Գվինեայում է բռնկվել եւ կարճ ժամանակ անց հարեւան երկրներ՝ Սիերա-Լեոնե եւ Լիբերիա տարածվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող հիվանդությամբ վարակվածների թիվը 2600-ի է հասել, որոնցից շուրջ 1400-ը մահացել են: Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի ներկայիս՝ գոյության 40 տարիների ընթացքում ամենախոշոր բռնկման արդյունքում միջազգային առողջապահությանը սպառնացող վտանգի մասին էր հայտարարել:






