HyASSO բժշկական կազմակերպության նախագահ Հասմիկ Գեւորգյանը (Ֆրանսիա), բժիշկ Հենրիկ Շահնազարյանը (Շվեդիա) եւ Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանը ստորագրեցին համաձայնագիր եւ ստեղծեցին "Հառաջադեմ Հայաստան" կազմակերպությունը, որի նպատակն է սփյուռքի տարբեր երկրներում գործող բժշկական առաքելությունների եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնել, ինչպես նաեւ նպաստել Հայաստանում բժշկության մակարդակի բարձրացմանը՝ սփյուռքի մասնագետների հետ փորձի փոխանակման եւ արդյունավետ համագործակցության շնորհիվ:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում համաձայնագիրը ստորագրած մասնագետները պատմեցին, որ այս կազմակերպությունը միավորելու է աշխարհի տարբեր երկրներում բնակվող բժիշկներին եւ անելու է ամեն ինչ՝ հայաստանյան բժիշկներին օգնելու համար:

Արտերկրում կան նեղ մասնագետներ, որոնք կատարում են բարդագույն վիրահատություններ, եւ նրանք կարող են իրենց փորձով ու գիտելիքներով կիսվել հայաստանյան մասնագետների հետ, բարեգործական հիմունքներով նոր վիրահատական տեխնիկաներ, նոր մոտեցումներ եւ մեթոդներ սովորեցնել: Դրան հասնելու համար հնարավոր կլինի թե հայ մասնագետներին տանել արտերկիր՝ վերապատրաստման, եւ թե արտերկրի մասնագետներին բերել Հայաստան՝ դասընթացներ անցկացնելու համար:

Սփյուռքի բժիշկները եւ բուժքույրերը, մասնագետների խոսքով, կարող են նաեւ օգնել բարձրացնել հայաստանյան բուժքույրերի, ընտանեկան բժիշկների եւ բազմաթիվ այլ մասնագետների մակարդակը, որպեսզի նրանք կարողանան էլ ավելի որակյալ ծառայություններ մատուցել պացիենտներին: