Մեր ուռուցքաբանությունը բարվոք վիճակում չէ, իսկ կառավարության գերակա ծրագիրը ուռուցքաբանության հետ կապված վերաբերում է նոր կենտրոնի ստեղծմանը, որը մեզ հետ ոչ մի կապ չունի։ Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:
«Դա լինելու է ճառագայթային կենտրոն, հատուկ իզոտոպների արտադրման, ֆիզիկայի ինստիտուտի տարածքում։ Այնտեղ, ըստ մեզ հասած տվյալների, լինելու 150-160 մահճակալանոց կենտրոն, որտեղ կատարվելու է ախտորոշում եւ ճառագայթային բուժում։ Մեր հիվանդանոցը մնում է նույնը, 5-6 տարում մեր բյուջեն չի ավելացել», - ասաց նա, հավելելով, որ բյուջեից Ուռուցքաբանության կենտրոնին հատկացվում է 212 միլիոն դրամ։
Գ. Բազիկյանը նշեց, որ պետությունը անցյալ տարվա հոկտեբերից մտցրել է համավճար, այսինքն, մի մասը վճարում է հիվանդը, մի մասը՝ պետությունը։ Ըստ նրա, քիմիոթերապիայի դեղերը, ճառագայթման աղբյուրը, որ ձեռք է բերվում արտեկրից, բավականին թանկ են, եւ արդյունքում թանկ է քաղցկեղի բուժումը։ «Բժշկությունը չի կարող անվճար լինել, դրա համար ինչ որ մեկը պետք է վճարի, կամ պետությունը, կամ ապահովագրությունը, կամ հիվանդը», - ասաց նա։
Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթին, ապա ըստ Բազիկյանի, այդ պահովագրությունը ծածկում է միայն վիրահատության եւ ճառագայթային բուժման ծախսերը, բայց չի վճարոում, օրինակ, քիմիոթերապիայի համար։
Գ.Բազիկյանը նաեւ նշեց, որ «եթե Եվրոպայում այդ նույն բուժումը արժե 35000 եվրո, իսկ մեզ մոտ 300 դոլար, ապա բնական է, որ այնտեղի ծառայության որակը շատ ավելի բարձր է»։ «Եթե մենք չունենք գումարներ, ապա մեր ծառայութնուններից էլ են բողոքում, հերթերից են բողոքում, հիվանդանոցի վիճակից են բողոքում։ Մենք ուրա՞խ ենք, կարծում եք։ Վեց տարվա մեջ գազը, հոսանքը, ջուրը թանկացան, բայց ոչ մի լումա չավելացավ մեր բյուջեի վրա», - ասաց նա, նշելով, որ հիվանդանոցի զարգացման համար այն պետք է գոնե մի փոքր օգուտ ունենա, որ կարողանա վերանորոգում անել, նոր տեխնոլոգիաներ ներդնել եւ այլն։






