Հայաստանում հոգեկան հիվանդությունների հետ կապված վիճակը շատ ավելի բարվոք է, քան տարածաշրջանի այլ երկրներում , մասնավորապես, Ռուսաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում եւ Ուկրաինայում, թեպետ երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմն ու ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակը հանգեցրել են հիվանդացության որոշակի աճի։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, մեկնաբանելով 2013 թվականի վիճակագրական տվյալները հոգեկան հիվանդությունների մասով։
Հիշեցնենք, որ ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների, Հայաստանում 2013 թվականին կյանքում առաջին անգամ հոգեկան խանգարում ախտորոշվել է 2698 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ տարեվերջին հաշվառված է եղել 46048 հիվանդ։ 27 հիվանդ ինքնասպանություն է գործել։
Ս.Թորոսյանը պարզաբանեց, որ 46048–ն այն հիվանդների թիվն է, ովքեր առնչվել են հոգեբուժական ծառայության հետ` վերցվել են հաշվառման, այլ ոչ բոլոր հիվանդների: Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, արտահիվանդանոցային բուժօգնությունից օգտվում են միայն այն հիվանդները, ովքեր հոժարակամ հաշվառվում են եւ ստանում են համապատասխան արտահիվանդանոցային բուժօգնություն եւ հսկողություն: Ներառված են նաեւ այն հիվանդները, ովքեր դատարանի որոշմամբ ենթարկվում են հարկադիր բուժման հոգեբույժի մոտ:
Ս.Թորոսյանի խոսքով, ինքնասպանությունների թվով եւս Հայաստանը «հետնապահների» շարքում է։ «Չնայած նրան, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների շիզոֆրենիայով տառապում է չափահաս ազգաբնակչության մոտ մեկ տոկոսը, իսկ շիզոֆրենիայով հիվանդների մոտ 10% կյանքն ավարտում է ինքնասպանությամբ, ի ուրախություն մեզ պետք է ասենք, որ Հայաստանը աշխարհում գրավում է վերջին տեղերից մեկը ինքնասպանության ցուցանիշներով», – նշեց մասնագետը։
2010 թվականին Հայաստանում գրանցված հոգեկան հիվանդությունների մեծ թիվը եւ հետագա նվազումը, ըստ Ս. Թորոսյանի, պայմանավորված է մեթոդաբանական փոփոխությամբ: Ամփոփ գնահատական կտրվի 2015 թվականին իրականացվելիք հնգամյա ժամանակի մանրամասն վերլուծությունից հետո: Հիշեցնենք, որ ըստ վիճակագրության վերջին տարիներին հոգեկան խանգարումներով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2010 թվականին. 3548 առաջին անգամ ախտորոշված հիվանդ եւ 46157 հաշվառված հիվանդ տարեվերջին, ինչից հետո ցուցանիշները նվազելու միտում ունեն։
Խոսելով այն բանի մասին, թե ինչու են հոգեկան խանգարումները ավելի հասուն տարիքում հայտնաբերվում, դատելով Հայաստանում տարիքային խմբերի բաշխվածությունից ( 2689 գրանցված նոր դեպքերից 96–ը մինչեւ 14 տարեկան երեխաներ են, 92–ը՝ 15-17 տարեկան, 315՝18-19 տարեկան, 1591՝ 20-59 տարեկան, 60–ից բարձր՝ 604 ), Ս. Թորոսյանը նշեց, որ հոգեկան խանգարումները, որպես օրենք ի հայտ են գալիս 18-25 տարեկանում: Իսկ ուշ բացահայտումն արդեն մեր ազգային առանձնահատկություններով է պայմանավորված։
«Հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկություններն ու մենթալիտետը, հաճախ մարդիկ հոգեբույժի դիմելու փոխարեն, փորձում են օգնություն ստանալ ոչ մասնագիտական մեթոդներով ու միջոցներով (բախտագուշակներ, մոմ թափողներ և այլն): Ինչի արդյունքում եւ նրանց շփումը հոգեբույժի հետ լինում է 20 տարեկանից հետո», – նշեց նա։ Ս.Թորոսյանը մի հետաքրքիր վիճակագրություն եւս բերեց. հաշվառված հիվանդների մեջ տղամարդկանց ու կանանց հարաբերակցությունը 3։1– է։
Ըստ ԱՆ գլխավոր մասնագետի, հոգեկան հիվանդությունների աճ է դիտվում ողջ աշխարհում։ Կանխատեսումների համաձայն, 2020 թվականին դեպրեսիան հիվանդությունների ցանկում գրավելու է երկրորդ տեղը։ Նպաստող գործոնների շարքում մասնագետները նշում են ծանր սոցիալական պայմանները, ինչպես նաեւ լարված իրավիճակը աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ նեգատիվ ինֆորմացիոն հոսքերը։






