Հոգեկան առողջության վրա ազդող առաջնային գործոններն են. անբավարարության զգացումը, ընտանիքում անառողջ մթնոլորտը, վեճերը, թերսնումը, ծնողների անառողջ ապրելակերպը, եւ այլն։ Այսինքն, բոլոր այն գործոնները, որոնք կարող են առկա լինել ցանկացած հիվանդության անամնեզում։ Ժառանգականության գործոնը եւս կարող է դեր ունենալ, բայց այստեղ կապն այդքան էլ բացահայտ չէ։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը։ Այս հիվանդությունների կանխարգելումը այլ հիվանդություններից  քիչ է տարբերվում. առողջ ապրելակերպ, ընտանիքում եւ հասարակության մեջ առողջ եւ հանդուրժող մթնոլորտ։

Իսկ ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները կամ ինքը հիվանդը հասկանալ, որ հոգեբույժի կարիք ունեն։

Ըստ մասնագետի, եթե ծնողները իրենց երեխայի վարքի մեջ տարօրինակ բան են նկատում, ապա պետք է դիմեն հոգեբանի, իսկ հոգեբանները փսիխոտիկ վիճակ հայտնաբերելու դեպքում հիվանդին պետք է ուղարկեն հոգեբույժի մոտ։ Ծնողներին կարող են ուղղորդել նաեւ տեղամասային կամ դպրոցական մանկաբույժները։ Սա երեխաների դեպքում, եւ այս դեպքում հոգեբույժներին շատ ավելի հեշտ է աշխատել, քանի որ խնամակալները եւ որոշում կայացնողները ծնողներն են։ Հասուն տարիքում անձը ինքնուրույն պետք է որոշում կայացնի բուժօգնության դիմելու համար, եւ, իհարկե, լինում են դեպքեր, երբ հիվանդները չեն գիտակցում իրենց հիվանդ լինելը, բայց այդպիսին է օրենսդրության պահանջը. «Ոչ ոք չի կարող բռնանալ, որ նա ստանա բուժումը». Բժիշկը նաեւ նշել է, որ հարկադիր բուժում կարող է իրականացվել միայն դատարանի որոշումով։  

Իսկ ինչպես հաղթահարել այն հոգեբանական արգելքը, որը գործում է մեր հասարակության մեջ, եւ չվախենալ այն խարանից, որն իր մեջ «գիժ» բառն է կրում։

«Վախը, ամոթը, քաղքենիական մոտեցումը. թե ինչ կասեն... Այս բոլորը դեր են խաղում։ Դեր է խաղում նաեւ չիմացությունը, ինչի պատճառով մարդիկ չեն դիմում հոգեբույժի։ Իհարկե, հարազատները կարող է եւ չուզեն իրենք իրենց եւ ուրիշներին խոստովանել, որ իրենց ընտանիքում նման խնդիր կա, բայց ինչքան էլ չուզեն, նրանք շատ կարճ ժամկետում գիտակցում են, որ խնդիրն առկա է, եւ այդ խնդրի լուծման մեջ իրենք էլ պարտավորություններ ունի», – նշել է մասնագետը, հավելելով, որ հոգեբույժներն այսօր որքան ժամանակ տրամադրում են հիվանդներին, այնքան էլ նրանց հարազատներին, բացատրելով, թե ինչպես պետք է վարվել հիվանդի հետ։

Իսկ ի՞նչ անել, որպեսզի հասարակությունը փոխի իր վերաբերմունքը հոգեկան հիվանդների նկատմամբ։

Ըստ Սամվել Թորոսյանի, հասարակության հետ նույնպես պետք է աշխատել, հանդուրժողականություն ու բարյացակամություն պետք է քարոզել։ Ընդ որում մասնագետը նշեց, որ սա զուտ հայկական խնդիր չէ, այն համաշխարհային տարածում ունի։

Հայաստանի գլխավոր հոգեբույժի պնդմամբ, հոգեկան հիվանդությունները բուժելի են, եւ դրա մասին թվերն են խոսում։ «Մենք խոսում ենք 46 հազար հաշվառված հիվանդների մասին, բայց չէ որ ստացիոնարում գտնվում են 1000-1200 մարդ։ Մնացած 45 հազարը հանրության մեջ են, աշխատում են, սովորում են, ընտանիքներ ունեն եւ այլն», – նշեց նա։