Մաշկաբանության ազգային կենտրոնում մեկ շաբաթվա ընթացքում փսորիազով պացիենտների համար անվճար կոնսուլտացիաներ են անցկացվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը եւ կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքի վարիչ Սևակ Մկրտչյանը:
Մասնագետների խոսքով, ակցիայի նպատակն է իրազեկել մարդկանց այս հիվանդության մասին, քանի որ հասարակության մեջ գիտելիքները շատ թերի են. Մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ինչ հիվանդություն է փսորիազը, ինչպես է բուժվում, իսկ գիտելիքների պակասը հանգեցնում է նրան, որ մարդիկ հեշտությամբ հավատում են անբարեխիղճ գովազդներին եւ խաբվում են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին նշվում է Փսորիազի համաշխարհային օրը, որի կարգախոսն է այս տարի՝ «Եկեք լինենք տեղեկացված»:






