Արյան մեջ ֆոլիստատին սպիտակուցի պարունակությամբ կարելի է կանխատեսել՝ արդյո՞ք մարդու մոտ 2-րդ տեսակի շաքարային դիաբետ կառաջանա հիվանդության սկսվելուց 19 տարի առաջ։ Այս մասին տեղեկացվում է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։
Հետազոտության հեղինակները հետեւել են ավելի քան 5300 պացիենտի առողջական վիճակը Շվեդիայում եւ Ֆինլանդիայում 4-19 տարվա ընթացքում։
«Մենք հայտնաբերեցինք, որ արյան մեջ ֆոլիստատինի բարձր մակարդակով կարելի է կանխատեսել հիվանդության առաջացումը 19 տարի առաջ՝ անկախ ռիսկի այլ գործոններից, ինչպիսին են տարիքը, մարմնի զանգվածի ինդեքսը, արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, դիետան եւ ֆիզիկական ակտիվությունը»,- ասել է աշխատանքի առաջատար հեղինակ, Լունդի համալսարանի դոցենտ Յան դե Մարինիսը։
Ֆոլիստատինը, ինչպես ցույց է տվել հետազոտությունը, նպաստում է ճարպային հյուսվածքում ճարպերի տրոհմանը, ինչը հանգեցնում է լյարդում լիպիդների կուտակման, որն էլ բարձրացնում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության առաջացման վտանգը։
Ավելի քան հինգ հազար շվեդների, բրիտանացիների եւ իտալացիների միջավայրում անցկացված ասոցիացիաների լիագենոմ որոնումը ցույց է տվել, որ ֆոլիստատինի մակարդակները օրգանիզմում կառավարվում են գլյուկոկինազա կարգավորիչ սպիտակուցով (GKRP)։
Այժմ գիտնականներն աշխատում են ախտորոշիչ սարքի ստեղծման վրա, որը ֆոլիստատինի պարունակության միջոցով թույլ կտա կանխատեսել մարդու մոտ դիաբետի առաջացման ռիսկը։






