Պեկինի 15-ամյա բնակիչ Ֆու Վենջուն, որն, ըստ ամենայնի, ամենաերկար պարանոցն ունի աշխարհում, առաջիկայում պատրաստվում է վիրահատության ենթարկվել: 

Դեռահասի հոր պնդմամբ, մինչ սովորական մարդու պարանոցում կարելի է ընդամենը 7 ող գտնել, Ֆու Վենջուի մոտ դրանց թիվը 10-ի է հասնում: Ավելորդ ողները պարանոցի նյարդերի նկատմամբ ճնշման են հանգեցնում, ինչի արդյունքում տղան դժվարությամբ է քայլում: Ընդ որում, նույնիսկ հոգեբանական տեսանկյունից Ֆուի համար դժվար է փողոց դուրս գալ, քանի որ, որտեղ էլ որ գտնվի, մշտապես անցորդների ուշադրության կենտրոնում է հայտնվում, հաղորդում է The Daily Mail-ը:

6 տարեկանում տղայի մոտ սկոլիոզ եւ կրծքավանդակի անոմալ տեղադրություն է ախտորոշվել: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, հենց սկոլիոզն է պատճառը, որ Ֆուի մոտ աշխարհի ամենաերկար պարանոցն է ձեւավորվել: 

Առաջիկայում տղան պետք է բարդ վիրահատության ենթարկվի՝ ավելորդ ողները հեռացնելու եւ նորմալ պարանոց ձեռք բերելու նպատակով: Երկար ժամանակ վենջուների ընտանիքը չէր կարողանում վիրաբույժների ծառայության դիմաց պահանջվող գումարները հայթայթել, սակայն, ի վերջո, Պեկինում գործող բարեգործական ընկերություններն էին Ֆուին եւ նրա մերձավորներին օգնության հասել՝ համաձայնելով վիրահատության համար անհրաժեշտ ողջ գումարը տրամադրել: Ինքը՝ Ֆուն նշել է, թե պատրաստի ամեն ինչի՝ նորմալ պարանոց ձեռք բերելու եւ նորմալ կյանքի վերադառնալու համար: Տղան պարանոցի երկարությամբ ռեկորդակիր մնալու ցանկություն ամենեւին չունի: