Միայն համընդհանուր պատվաստումը կօգնի մարդկությանը վերահսկողության տակ առնել կորոնավիրուսի համավարակը։ Եթե մարդիկ չպատվաստվեն, վիրուսը կշարունակի մուտացիայի ենթարկվել։ Ավելին, պատվաստումների կեղծ վկայականների ձեռքբերումը կնպաստի նաեւ վիրուսի նոր շտամերի առաջացմանը։ Այսպիսի կարծիք է հայտնել Գամալեյի անվան կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը (Ռուսաստան)։
Պատվաստման կեղծ վկայականներ գնելով՝ մարդիկ մնում են չպատվաստված, ինչը նշանակում է, որ նրանց օրգանիզմում վիրուսը կարող է շարունակել անվերահսկելիորեն բազմանալ եւ մուտացիայի ենթարկվել։ Ներկայիս վտանգավոր մուտացիաները, ինչպիսիք են «դելտա» շտամը կամ, այսպես կոչված, կորոնավիրուսի «հնդկական» տարբերակը, արդեն հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դարձել եւ օրական աղետալի մահացություն են հրահրել Ռուսաստանում։ «Դելտա» շտամը հիվանդության չորրորդ ալիք է առաջացրել Եվրոպայում եւ Ամերիկայում։
«Դելտա» շտամի առաջացման պատճառը վիրուսի հետագա էվոլյուցիան է։ Մասնագետները վստահ են, որ եթե մարդկությունը կոլեկտիվ իմունիտետ ձեռք չբերի, նորանոր մուտացիաներ կհայտնվեն։ Կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելու համար, ըստ մասնագետի, անհրաժեշտ է, որ մեր մոլորակի բնակիչների առնվազն 80%-ը պատվաստվի, իսկ հետո՝ ռեվակցինացիա անցնի։ Բայց այս ցուցանիշը դժվար թե հասանելի լինի, քանի որ, օրինակ, աֆրիկյան երկրներում պատվաստումների մակարդակը 15-20%-ից չի անցնում։
Հետեւաբար, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ապահով պետություններին կոչ է անում հրաժարվել ռեվակցինացիայի պրակտիկայից եւ պատվաստումների առկա բոլոր ռեսուրսներն ուղղել աղքատ երկրների օգնությանը:






