Ռուսաստանում գրանցվել է դեռահասների համար կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ-M» կոչվող դեղամիջոցը, որը կօգտագործվի 12-17 տարեկան երեխաների պատվաստման համար։ Այս մասին հայտնել է Գամալեյի անվան կենտրոնի փոխտնօրեն Դենիս Լոգունովը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պատվաստանյութը մշակվել է Գամալեյի անվան կենտրոնի գիտնականների կողմից եւ պարունակում է մեծահասակների համար «Սպուտնիկ V»-ի դեղաչափի 1/5-ը։ Դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերը տեղի են ունեցել անցյալ տարվա ամռանը։ Դրանց արդյունքների համաձայն, դեղամիջոցը արդյունավետ է եւ անվտանգ:

Մոսկվայի 3000 դպրոցականների մասնակցությամբ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները նոյեմբերի սկզբին սկսվել են մայրաքաղաքի 10 պոլիկլինիկաներում եւ 2 հիվանդանոցներում։ Վերահսկիչ խմբում կներառվեն 600 դեռահասներ, ովքեր պատվաստանյութը կստանան 28-օրյա հետազոտությունից հետո, այնուհետեւ նրանց կշարունակեն հետեւել հետազոտական պլանի համաձայն։

Դեռահասների զանգվածային պատվաստումների մեկնարկի ժամկետները դեռ հայտնի չեն։ Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հայտնել է, որ պատվաստումը կատարվելու է միայն կամավոր հիմունքներով՝ ծնողների կամ խնամակալների համաձայնությամբ։ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն ռուսաստանցիներին խնդրել է չհրաժարվել այս հնարավորությունից, քանի որ դպրոցականները կորոնավիրուսի հիմնական փոխանցողներն են եւ իրենց ավագ հարազատների վարակման աղբյուրը։