Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության առաջնային հիվանդացության նվազում, սահմանափակող միջոցառումները մեղմացնելու նպատակով՝ ուժը կորցրած է ճանաչվել հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նախարարությունըմիաժամանակ, հիշեցնքւմ է, որ շարունակում է ուժի մեջ մնալ փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, բացառությամբ՝

  •  երեխաների` 0-5 տարեկանը ներառյալ,
  •  բնակության վայրում (տանը, բնակարանում),
  •  Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի),
  •  անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս),
  •  հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների,
  •  լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների, ծխելու, խմելու և սնվելու ժամանակ,
  •  առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի,
  •  հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս,
  •  հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց,
  •  կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց,
  •  դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց: