Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը 60-ն անց անձանց եւ բուժաշխատողներին խորհուրդ է տվել ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը։

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ Իսրայելը պատրաստվում է համաճարակի նոր ալիքի՝ օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Երեքշաբթի օրը Իսրայելում պաշտոնապես հաստատվել է վիրուսի այս տարբերակով առաջին պացիենտի մահը։ 

Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ Իսրայելում այժմ կա օմիկրոն շտամով վարակման առնվազն 340 դեպք։ Այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել նոր շտամի հայտնաբերման մասին, Իսրայելը կրկին փակել է իր սահմաններն օտարերկրացիների համար։

Թեեւ չորրորդ բուստերային չափաբաժնի մասին որոշումը դեռեւս սպասում է առողջապահության բարձրաստիճան պաշտոնյաների հաստատմանը՝ փորձագետները հուսով են, որ այն կտրամադրվի երրորդ չափաբաժնից հետո 4 ամիս անց:

Նշենք, որ խթանող պատվաստանյութը դեղամիջոցի լրացուցիչ ընդունումն է ամբողջական պատվաստումից որոշ ժամանակ անց: Ենթադրվում է, որ խթանող չափաբաժինն ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանությունը վարակի դեմ: