Չպատվաստված քաղաքացին հնարավոր է՝ վարակվելու դեպքում վճարի իր բուժման համար: Այս պահին մենք հաշվարկներ են իրականացվում, թե կորոնավիրուսային վարակի բուժման մեկ դեպքի արժեքը ինչքան է կազմում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, աշխատող քաղաքիցների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է, եւ դա նշանակում է, որ ձեռնարկված միջոցները եւ սահմանափակող կարգերը իրենց դրական ազդեցությունը ունեցան, եւ այս ամենը օգնելու է հանրային իմունիտետ ձեւավորել:

«Մեր զինանոցում, իհարկե, կան դեռ եր խրախուսող, եւ որոշակի առումով սահմանափակող միջոցառումներ, որոնք մենք ըստ ժամանակի կգործարկենք: Դուք գիտեք, որ հիմա քննարկման փուլում է գտնվում սննդի վայրերում, ժամանցի վայրերում եւս պահանգելու պատվաստման սերտիֆիկատը կամ ՊՇՌ հետազոտության արդյունքները: Ավարտական տեխնիկական մի քանի ճշգրտումներ կան անելու, կարծում եմ, դա առաջիկա շաբաթվա մեջ կհաստատվի: Մենք նաեւ ժամկետը մի փոքր կհետաձգենք, որ նաեւ հասցնեն մեր այլ գործընկերները պատվաստվել», - ասաց նախարարը:

Անդրադառնալով կորոնավիրուսային վարակի հնարավոր վճարովի բուժման մասին հարցին, նախարարը նշեց, որ հիմա հաշվարկներ են կատարվում, թե որքան պիտի կազմի բուժման արժեքը:

«Այն քաղաքացիների համար, ովքեր չեն ուզում օգտվել շատ արդյունավետ (պատվաստումից) եւ հարյուր անգամներով նվազ ծախս կատարելու արդյունքում պաշտպանել իրենց առողջությունը, մենք պիտի դիտարկենք նաեւ բուժումը վճարովի դարձնելու հարցը: Այս պահին մենք հաշվարկներ ենք իրականացնում, թե քովիդի բուժման մեկ դեպքի արժեքը ինչքան կկազմի», - ասաց Ավանեսյանը: