ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության աշխատանքը պետք է բարձրացնի  հանրության վստահությունը համակարգի հանդեպ: Տեսչության ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում  այս շեշտադրումը կատարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Գործառույթների լիարժեք կատարման շնորհիվ  կձեւավորվի տեսչության բարձր հեղինակությունը որպես անհրաժեշտ,  բնակչության առողջապահական եւ աշխատանքային իրավունքները պաշտպանող կառույց»,-ընդգծեց Արմեն Մուրադյանը, ում համոզմամբ` տեսչության արդյունավետ աշխատանքի շնորհիվ քաղաքացին վստահ կլինի, որ  կպաշտպանվեն աշխատանքային իր իրավունքները:

«Առաջին հերթին պետք է բացառվեն տեսչության աշխատակիցների կողմից այլ գերատեսչությունների կամ կառույցների հետ  ընկերային կամ բարեկամական հարաբերությունները: Բոլորը պետք է  գիտակցեն, որ այդ գիծը չի կարելի հատել»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը` ավելացնելով, որ անաչառ եւ բաց աշխատաոճը կբարձրացնի  նախարարության հեղինակությունը:

Նրա գնահատմամբ`  այս  կառույցի եւ հանրության միջեւ  վստահությունը պետք է  դրված լինի ամուր հիմքերի վրա:

Նախարարը տեսչության պետ Արտակ Սահակյանի ուղեկցությամբ այցելեց  ինչպես ԱՊՏ կենտրոնական ապարատի գրասենյակ, այնպես էլ` Երեւանի քաղաքային կենտրոն,  ինչպես նաեւ նախկինում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործած Աշխատանքի տեսչության շենքի  տարածք:

ՀՀ առողջապահական պետական տեսչությունն ունի նյութատեխնիկական պայմանների բարելավման խիստ կարիք, ինչի ուղղությամբ նախարարությունը  քայլեր է  ձեռնարկում: 

Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության Հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչությունը միավորվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության հետ։ Նոր կառույցի`  ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության կառավարումն իրականացվում է կառավարման խորհրդի կողմից։