Նորաստեղծ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է օգնելու հայաստանցիներին իրագործել իրենց առողջ լինելու իրավունքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԿ-ի նախագահ Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով, կազմակերպությունը ապաքաղաքական է եւ միտված է աջակցելու ժողովրդին եւ բուժաշխատողներին: Իսկ դրա համար, մասնագետի խոսքով, մի շարք խնդիրներ պետք է լուծվեն՝ ոչ միայն բժշկական ոլորտում, այլեւ սոցիալական, տնտեսական, իրավաբանական:
«Այսօր բնակչության մեծ մասը օբյեկտիվ պատճառներով դժգոհ է բուժօգնության եւ սպասարկման հասանելիությունից եւ որակից: Իսկ նուժաշխատողները դժգոհ են աշխատանքային պայմաններից եւ աշխատավարձերից: Ելնելով դրանից՝ որոշեցինք ստեղծել մի կազմակերպություն, որն ապաքաղաքական է ու միտված է միայն օգնելու մեր ժողովրդին, որ կարողանան լինել առողջ, իսկ առողջությունը միակ արժեքն է, որը գնել չի լինում», - նշեց Խաչատրյանը:
Կազմակերպության համանախագահ, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Անուշ Պողոսյանը իր հերթին նշեց, որ կազմակերպությունը համագործակցելու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաեւ միջազգային կառույցների հետ։ Ավելին, այս գաղափարը, նրա խոսքով, մեծ արձագանքներ է ստացել նաեւ Սփյուռքի կողմից:
Կազմակերպության համանախագահ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանն իր հերթին նշեց, որ նորաստեղծ հասարակական կազմակերպությունը շատ բան ունի անելու՝ ինչպես քաղաքացիների առողջության իրավունքի պաշտպանության, այնպես էլ արտակարգ իրավիճակներում առողջապահության համակարգի պաշտպանության համար:
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում մարդկանց մոտ 25-30 տոկոսն այսօր չի դիմում բժշկական հաստատություններ, որովհետեւ գումար չունի։
«Լինելու են օրենսդրական առաջարկներ, լինելու են կլոր սեղանի շուրջ տարբեր տեսակի քննարկումներ, լինելու են համագործակցություններ: Մենք համագործակցության ձեռք ենք մեկնում բոլոր նրանց, ում միեւնույն չէ, թե առողջապահական համակարգը ինչ վիճակում է: Պետք է հասկանանք, որ այս երկիրը մերն է, Հայաստանի Հանրապետությունը մեր հայրենիքն է եւ առողջապահությունը մեր բոլորի առողջապահությունն է», - ասաց Վարդանյանը:






