Աղի օգտագործման սահմանափակմանը նպաստող օրինագիծը ուղղված է աղի չափաբաժնի պակասեցմանը, այլ ոչ թե դրա՝ սննդակարգից հանելուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, աղի օգտագործման սահմանափակմանը ուղղված միջոցառումները հիմնավորված են հետազոտությունների տվյալներով, համաձայն որոնց, օրական 5 գրամից ավել աղի օգտագործումը հանգեցնում է մի շարք հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, որի համաձայն՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի է աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:

Ինչպես նշեց Ավանեսյանը, հաջորդ շաբաթների ընթացքում քննարկումներ են պլանավորվում ռեստորանային համակարգի ներկայացուցիչների, սպառողների շահերը պաշտպանողների, ինչպես նաեւ սննդաբաններւ եւ այլ մասնագետների հետ: Հանրային քննարկումները, նախարարի խոսքով, կօգնեն ստանալ հետաքրքիր առաջարկներ եւ լուծումներ՝ մարդկանց շրջանում վարքաբանական փոփոխություններ առաջ բերելու եւ աղի օգտագործումը նվազեցնելու, համար: