Կրծքագեղձի քաղցկեղով 195 պացիենտ 2021 թվականին պետպատվերով տրաստուզումաբ է ստացել: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:
Նրա խոսքով, ծրագրի սկզբում կանխատեսվում էր, որ այս դեղամիջոցի կարիքը տարեկան մոտ 85 պացիենտ է ունենալու: Սակայն պացիենտների թիվն իրականում ավելի մեծ է, ավելին, ծրագրի շնորհիվ վաղ հայտնաբերման ավելի լավ ցուցանիշներ են գրանցվում:
«Երբ քաղաքացին ապահով է, որ խնդրի հայտնաբերման պարագայում պետությունը իր կողքին կանգնած է բուժման, դեղորայքային եւ վիրահատական առումներով, ավելի հակված է գնալ հետազոտությունների: Վաղ հայտնաբերման եւ ճիշտ բուժման պարագայում շատ ավելի լավ ելքեր ենք ունենում», - ասաց Ավանեսյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը:
Տրաստուզումաբի (հերցեպտին) հիմնական «HERA» հետազոտության տվյալների համաձայն` ապացուցվել է, որ HER2 դրական վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների համար տրաստուզումաբի 12 ամիս տևողությամբ պահպանողական ադյուվանտ բուժումն ապահովում է հեռակա մետաստազների զարգացման 50%-ով նվազում` առանց տրաստուզումաբի բուժվող պացիենտների համեմատությամբ։
Այս հետազոտության հիման վրա վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների բուժման ստանդարտ է հանդիսանում տրաստուզումաբի կիրառումը` ադյուվանտ ռեժիմում 1 տարի ժամկետով։ Ամերիկյան NCCN ուղեցույցում առկա տվյալների համաձայն` տրաստուզումաբի ադյուվանտ ռեժիմում կիրառման ստանդարտն է համարվում բուժման 1 տարի տևողությունը, որի կրճատումը կարող է հանգեցնել հիվանդների մոտ բուժման արդյունավետության ցուցանիշների զգալի կրճատման, մետաստազների հավանականության և մահացության ցուցանիշների բարձրացման։
Մասնագետների կարծիքով, ծրագրի շարունակականությունը կնպաստի «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների բուժմանը:






