«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը (MSF) հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ աշխարհի բոլոր երկրների իշխանություններին Արեւմտյան Աֆրիկայի երկրներում մոլեգնող Էբոլա հեմոռագիկ տենդի տարածման դեմ պայքարին միտված «անվճռական» քայլեր ձեռնարկելու մեջ է մեղադրում: Կազմակերպությունը ներկայացնող փորձագետների համոզմամբ, համաճարակի դեմ համաշխարհային արձանգանքը դեռեւս «ճակատագրական անհամարժեքությամբ» է աչքի ընկնում, այնպես որ աշխարհը կարող է «հիվանդության տարածման դեմ պայքարը տանուլ տալ»:
Մասնավորապես, ՄԱԿ-ին ուղղված ելույթի խոսքում MSF-ի նախագահ դոկտոր Ժոաննա Լյուն հայտարարել է, որ «առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից օգոստոսի 8-ին Էբոլա համաճարակի՝ որպես համաշխարհային սպառնալիք ճանաչումը վճռական քայլերի չի հանգեցրել, եւ բոլոր երկրները, գործնականում, շարունակում են անգործության գլոբալ կոալիցիային անդամակցել»:
«Պահանջվող իրավասություններն ունեցող երկները աշխարհի աչքի առաջ զարգացող ողբերգության դադարեցմանը միտված բոլոր անհրաժեշտ եւ կոնկրետ քայլերը ձեռնարկելու թե քաղաքական, եւ թե հումանիտար հնարավորությունն ունեն: Այնպես որ, սեփական սահմաններից ներս վարակված հիվանդների հնարավոր ժամանումը բացահայտելու նպատակ հետապնդող միջոցառումներով սահմանափակվելու փոխարեն, հարկ է, որ Արեւմտյան Աֆրիկայում՝ այնտեղ, որտեղ իսկապես դրա կարիքն է զգացվում, կյանքեր փրկելու բառացիկ հնարավորությունից օգտվեն», - BBC-ի վկայակոչմամբ, հայտարարել է Լյուն:
Բժիշկները, մասնավորապես, համաճարակի զոհ դարձած շրջաններին աղետի հետեւանքները վերացնելու ընդունակ կամավորների եւ զինվորականների ստվար քանակությամբ անհապաղ ապահովելու կոչ են արել: Բացի այդ, կազմակերպությունը հորդորում է տեղում առավել մեծ քանակությամբ դաշտային հոսպիտալներ կառուցել, ինչպես նաեւ տարածաշրջանի հետ անխափան գործող օդային կամուրջ ապահովել՝ առողջապահության ոլորտը ներկայացնող աշխատակիցների օգնությամբ հիվանդներին եւ բժիշկներին տեղափոխելու համար:
ԱՀԿ-ի տվյալներով, ներկայումս Էբոլա մահացու վիրուսով վարակման դեպքերի թիվը առնվազն 3 հազար է կազմում, որոնցից 1552-ը՝ մահվան ելքով: Կազմակերպությունը ներկայացնող փորձագետները մտահոգություն են հայտնել, որ առաջիկայում վարակվածների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել:






