Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագահ Մարգարեթ Չենի հաղորդմամբ, Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի ընդհանուր թիվն այս պահի դրությամբ ավելի քան 1900 է կազմում:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ թեմայի շուրջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, Չենը հայտարարել է, թե վերջին մեկ շաբաթվա ընթացքում մահաբեր Էբոլա վիրուսով վարակման դեպքերի թվի կտրուկ աճ է նկատվում: ԱՀԿ-ի տվյալներով, ներկայիս դրությամբ Գվինեայում, Սիերա-Լեոնեում եւ Լիբերիայում մոլեգնող համաճարակն առնվազն 3500 մարդու է խոցել, հաղորդում է Reuters գործակալությունը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահացու հիվանդությամբ վարակվածների թիվն առնվազն 3 հազարի է հասել, որից 1552-ը՝ մահվան ելքով: ԱՀԿ-ն ներկայացնող փորձագետները մտահոգություն են հայտնել, որ առաջիկայում վարակվածների թիվը կարող է 20 հազարի նշաձողը հատել: