Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի համար 600 մլն ԱՄՆ դոլարի չափով հատկացումների կարիք է զգացվում: Այս մասին սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ի՝ հիվանդության հարցերով հատուկ հանձնակատար Դեւիդ Նաբարոն է հայտարարել: 

Դեռեւս նախորդ շաբաթ, առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ իրականացված հաշվարկների համաձայն, պահանջվող գումարի չափը առավելագույնը 490 մլն դոլար էր կազմում, հիշեցնում է Reuters գործակալությունը: 

Իրենց հերթին, ԱՄՆ առողջապահության նախարարությունը եւ սոցիալական ծառայությունները նախատեսում են 42,3 մլն դոլար ծախսել՝ վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Մինչ այդ, Կանադայի իշխանությունները պատրաստ են անտիդոտի առաջին նմուշները ԱՀԿ-ին հանձնել, սակայն լոգիստիկայի հետ կապված դժվարությունների առաջ են կանգնել: Երկրի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շոն Ապտոնի (Sean Upton) հաղորդմամբ, բուժիչ հատկությունները չկորցնելու նպատակով, դեղամիջոցը պետք է մշտապես սառեցված վիճակում պահվի:

ԱՀԿ-ի կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, մահացու հիվանդությամբ վարակվածների թիվն առնվազն 3,5 հազարի է հասել, որից ավելի քան 1900-ը՝ մահվան ելքով: Ընդ որում, միայն նախընթաց շաբաթվա ընթացքում մահացածների թիվը գրեթե 400 է կազմել: