Վիրաբուժական, այսպես կոչված՝ ինվազիվ միջամտության բոլոր տեսակները, ներառյալ բիոպսիան եւ էնդոսկոպիկ պրոցեդուրաները (օրինակ՝ կոլոնոսկոպիան եւ բրոնխոսկոպիան) որոշակի ռիսկ են ենթադրում: Պատահական չէ, որ վիրաբուժական միջամտության պատրաստվող մարդկանց մոտ, բոլոր դեպքերում, անհանգստություն է նկատվում: Բայց որոշ վիրահատություններ հատկապես ռիսկային են՝ օրգանների զգայունության եւ իրակացվող պրոցեդուրաների բարդության առումով:

Վիրահատության ընթացքում նկատվող բարդություններն անգամ ցավազրկման հետ կարող են կապված լինել: Մասնավորապես, հիվանդը կիրառված դեղամիջոցի դեմ անբարենպաստ ռեակցիա կարող է դրսեւորել: Բացի այդ, անեսթեզիայի իրականացման համար հաճախ հիվանդը ստիպված է լինում ներշնչափողային խողովակ կրել, ինչը կարող է, դեպի թոքերը մղված սննդամթերքի մնացորդների կամ հեղուկների հեռացման նպատակով, ասպիրացիայի անհրաժեշտության հանգեցնել: Որոշ դեպքերում էլ ցավազրկումը կարող է չարորակ հիպերթեմիայի կամ խիստ բարձր ջերմության առաջացման պատճառ դառնալ, հաղորդում է Medical Daily-ն:

Անեսթեզիայից զատ, վիրահատության արդյունքում նաեւ արյունահոսության, արյան խցանումների եւ ձգձգվող ապաքինման հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ: Իհարկե, նմանատիպ բարդությունները հազվադեպ բնույթ են կրում եւ չպետք է որեւէ մեկին հետ պահեն՝ վիրահատության առաջարկից, մանավանդ եթե խոսքը ստորեւ բերված՝ վիրաբուժական միջամտության 5 տեսակներին չի վերաբերում.

Սրտի բաց վիրահատություն

Սրտի բաց վիրահատությունը կրծքավանդակի բացմամբ եւ սրտի մկանների, զարկերակների կամ փականների վրա աշխատանքով է բնորոշվում: Վիրաբուժական միջամտության սույն եղանակի ամենալայն տարածում գտած տեսակը պսակաձեւ զարկերակի շունտավորումն է համարվում, որի նպատակը առողջ զարկերակը կամ երակը պսակաձեւ զարկերակին՝ խցանված հատվածի շրջանցմամբ միացնելն է՝ սրտին ուղղությամբ արյան մատակարարումը վերականգնելու համար: Սույն վիրահատությունն իրականացնելիս վիրաբույժները, ընդհանուր անեսթեզիայից հետո, շուրջ 25 սմ երկարությամբ բացվածք են անում կրծքավանդակին, այնուհետեւ էլ՝ կրծոսկրը հատում. ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացված վերքի տարածք ինֆեկցիա կարող է անցնել, ինչը,  հատկապես ճարպակալմամբ կամ շաքարախտով տառապող մարդկանց պարագայում, կարող է խիստ վտանգավոր լինել: Բացի այդ, վիրահատությունից հետո մեծ է սրտի կաթվածի, ինսուլտի, օրգանի անկանոն աշխատանքի, թոքերի կամ երիկամների կողմից իրականացվող աշխատանքի կանգի, կրծքավանդակի ցավերի, բարձր ջերմության, հիշողության կորստի, արյան խցանումների կամ արյունահոսության եւ շնչառական բարդությունների առաջացման հավանականությունը:

Լյարդի փոխպատվաստում

Լյարդը չափազանց արժեքավոր եւ կարեւոր օրգան է, առանց որի մարդկն ի վիճակի չէ մեկ օր անգամ ապրել: Այն օրգանիզմի թունազերծման եւ սննդի՝ էներգիայի փոխակերպման համար է պատասխանատու: Թեեւ օրգանի փոխպատվաստմանը միտված վիրահատություններն այլեւս համեմատաբար տարածված բնույթ են կրում, պրոցեդուրան շարունակում է որոշակի ռիսկեր ենթադրել: Նախ՝ բավականին բարձր է հավանականությունը, որ օրգանիզմը կարող է հրաժարվել նոր օրգանից, այնպես որ փոխպատվաստման ենթարկված հիվանդները հաճախ ստիպված են լինում մինչեւ կյանքի վերջ դեղամիջոցներ ընդունել՝ իմունային համակարգը հանգստի ռեժիմում պահելու համար: Հնարավոր այլ բարդություններից են արյունահոսությունը, ինֆեկցիան, նոր օրգանի ուղղությամբ արյուն մատակարարող երակների խցանումը եւ այլն:

Աղիների փոխպատվաստում

Երբ հիվանդի աղիները դադարում են սնուցիչներ, էլեկտրոլիտներ եւ հեղուկներ կլանել, բժիշկներն օրգանի աշխատանքի անդառնալի կանգ են արձանագրում: Ճիշտ է՝ նման դեպքում կարելի է ամբողջությամբ պարենտերալ սնուցման՝ ասեղի կամ կաթետերի օգնությամբ երակներին սննդարար հեղուկի մատակարարման անցնել, ինչը, սակայն, մարդու կենսագործունեության համար ճակատագրական բարդությունների՝ լյարդի խանգարումների, կաթետերից փոխանցվող ինֆեկցիաների եւ նույնիսկ ոսկրային հիվանդությունների առաջացման սպառնալիք է պարունակում, ուստի բժիշկներից շատերը, նման դեպքերում, նախընտրում են, սնուցման գործընթացի կողմնակի՝ անբարենպաստ ազդեցություններից խուսափելու նպատակով, աղիների փոխպատվաստման օգնությանը դիմել: Ողջ աշխարհում ընդամենը մի քանի բժշկական կենտրոններ են գործում, որտեղ կարելի է օրգանի ամբողջական փոխպատվաստում պատվիրել, քանի որ պրոցեդուրան խիստ բարդությամբ է աչքի ընկնում եւ բարձր վարպետություն ունեցող վիրաբույժների կողմից իրականացման կարիք ունի: Ինչպես եւ այլ օրգանների պարագայում, այստեղ էլ մեծ է հավանականությունը, որ օրգանիզմը կարող է հրաժարվել նոր օրգանից. Վերջինս այդ պարագայում, որպես կանոն, ինֆեկցիայի օջախ է դառնում:

Քաղցկեղի բուժման նպատակով իրականացվող վիրահատություններ

Քաղցկեղի բուժման նպատակով իրականացվող վիրահատությունները մարմնի ցանկացած մասից, մասնավորապես՝ կրծքագեղձից (մաստէկտոմիա) եւ թոքերից չարորակ ուռուցքի հեռացում են ենթադրում: Ինչպես եւ այլ՝ ռիսկային վիրահատությունների պարագայում, օրգանի ամբողջական կամ մասնակի հեռացումը կարող է ինֆեկցիայի, անբավարարութան, արյունահոսության, արյան խցանումների առաջացման եւ, իհարկե, քաղցկեղի վերադարձի պատճառ դառնալ:

Ուղեղի վիրահատություն

Կասկած անգամ չի կարող լինել, որ ուղեղի վիրահատության ցանկացած տեսակ ամենալուրջ վտանգն է ներկայացնում: Գանգի խոռոչաբացումը՝ ուղեղի ուռուցքի հեռացման նպատակով, թերեւս օրգանի՝ ամենալայն տարածոմ գտած վիրաբուժական միջամտությունն է ենթադրում: Հաճախ բժիշկները ողջ ուռուցքը հեռացնելու հնարավորություն չեն գտնում եւ ստիպված ցիտոռեդուկցիա՝ մասնակի հեռացում են նախաձեռնում: Գանգի խոռոչաբացումը եւ ուղեղի վիրահատության այլ տեսակները կարող են ինֆեկցիայի, արյունազեղման, արյան խցանումների, ուղեղի այտուցման, ցնցումային նոպաների եւ նույնիսկ թոքաբորբի առաջացման պատճառ դառնալ: Որոշ դեպքերում էլ, թեեւ խիստ հազվադեպ, արյան ցածր ճնշման արդյունքում, ինուլտ կարող է առաջանալ: Նմանատիպ վիրահատություններին պատրաստ լինելու համար հարկավոր է նախապես հնարավոր ռիսկերի շուրջ բժշկի հետ խորհրդակցել՝ վիրաբուժական միջամտության սահուն ընթացքն ապահովելու նպատակով (թեեւ վերջինս, ամենայն հավանականությամբ, կհավաստիացնի, թե բարդությունների առաջացման հավանականությունը գրեթե զրոյի է հավասար):