Տղամարդկանց սխալմամբ թվում է, թե իրենց սեռական «հարստության» կենտրոնը առնանդամն է հանդիսանում: Մինչդեռ ամորձիների առողջությունը անհամեմատ ավելի լուրջ կարեւորություն է ներկայացնում: Նախ՝ դրանք անպայման պետք է մարմնի ջերմաստիճանից մի փոքր «սառը» միջավայր ունենան՝ սերմնահեղուկ արտադրելու համար, հիշեցնում է Medical Daily-ն: Սակայն ջերմաստիճանը, ցավոք, միակ չափանիշը չէ՝ ամորձիների արդյունավետ աշխատանքի համար: Մասնավորապես, դրանց չափը կարող է շատ բան ասել՝ տիրոջ առողջության մասին.
Մեծ ամորձիները՝ սրտանոթային հիվանդությունների առաջացման նախապայման
2013թ.-ին՝ ավելի քան 2800 տղամարդկանց շրջանում՝ 7 տարի տեւողությամբ րականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ մեծ ամորձիներ ունեցող տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման առավել բարձր ռիսկ է գործում: Բացի այդ, նշված տղամարդիկ ալկոհոլ չարաշահելու եւ արյան բարձր ճնշում ունենալու առավել նկատելի միտում են դրսեւորում: Երեույթի պատճառը թերեւս այն է, որ մեծ չափերի ամորձիները որոշակիորեն սեռական դիսֆունկցիայի առկայություն են ենթադրում, ինչը կարող է սթրեսի առաջացման պատճառ դառնալ: Թեեւ իրենք՝ հետազոտության հեղինակներն այլ պատճառաբանություն են գտել: Նրանց դիտարկմամբ, սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառը, տվյալ դեպքում, տեստոստերոնի արտազատման համար պատասխանատու՝ այսպես կոչված լյութեինիզացնող հորմոնների մակարդակն է:
Փոքր ամորձիները՝ անքնության պատճա՞ռ
«Հարավային Դանիա» անունը կրող կրթական հաստատության գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է հետաքրքիր կորելյացիոն կապ գտնել՝ մարդու քնի որակի եւ ամորձիների չափի միջեւ: Նրանք գրեթե 1000 տղամարդկանց քնի ռեժիմի, որակի, ամորձիների չափի եւ սպերմատոզոիդների քանակի վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրել՝ պարզելու համար, որ անքնությունից, ուշ ժամի քնելու սովորությունից կամ գիշերային ժամերին արթնացումից բողոքող տղամարդկանց մոտ շուրջ 29 տոկոսի չափով քիչ սպերմատոզոիդներ են արտադրվում: Բացի այդ, նրանց ամորձիները 1,6 տոկոսի չափով առավել դեֆորմացված են եւ փոքր չափերով աչքի են ընկնում:
Բացի այդ, ինչպես հետազոտության հեղինակներն են նկատել, առողջ քուն վայելելու հնարավորությունից զրկված մարդկանց մոտ առավել անառողջ կենսակերպ վարելու՝ մեծ քանակությամբ ճարպոտ սնունդ եւ ալկոհոլ ընդունելու, ինչպես նաեւ, ի թիվս այլ վնասակար սովորությունների, ծխախոտ օգտագործելու հակում է նկատվում:
Փոքր ամորձիներ ունեցող հայրիկներն ավելի լա՞վն են
Ասվածը կարող է զարմանալի թվալ, բայց Էմորիի համալսարանը ներկայացնող գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխաներին առավել շատ ժամանակ հատկացնող հայրիկների մեծ մասը փոքր ամորձիներով են աչքի ընկնում: Սույն եզրահանգման համար հիմք ծառայած ուսումնասիրությունը 1-2 տարեկան երեխաներ ունեցող 70 հայրիկների շրջանում է իրականացվել: Բացի այդ, նաեւ մայրիկներն են հարցախույզի ենթարկվել՝ ամուսնինների՝ երեխաների խնամքի գործընթացին մասնակցության մակարդակը ճշտելու համար: Ներառյալ՝ այն մասին, թե որքան հաճախ են նրանք տակդիր փոխում, լողացնում երեխային եւ բժշկի մոտ տանում՝ երբ հիվանդ են: Միաժամանակ նաեւ հիշյալ հայրիկների օրգանիզմում առկա տեստոստերոնի մակարդկակն է չափվել:
Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ երեխաների խնամքին առավել շատ ժամանակ հատկացնող հայրիկների մոտ տեստոստերոնի նշանակալիորեն ցածր մակարդակ եւ, հետեւապես, փոքր չափերի ամորձիներ են նկատվում: «Մեր ենթադրությունն այն է, որ ամորձիների չափը հայրիկների ներգրավվածության մակարդակի վրա է անդրադառնում, թեեւ ստացված արդյունքները հակառակն էլ կարող են արտացոլել՝ այն, որ երեխաների խնամքով զբաղվող հայրիկների ամորձիները փոքրանակու միտում ունեն: Արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ մարդու կենսաբանությունը եւս կարող է փոխվել: Օրինակ՝ հենց այդ նույն խնամքը կարող է տեստոստերոնի մակարդակի նվազեցման հանգեցնել», - նկատել է հետազոտական խմբի անդամներից մեկը՝ դոկտոր Ջեյմս Ռիլլինգը:
Ամորձիների քաղցկեղ
Յուրաքանչյուր անգամ ամորձիների առողջությանը անդրադառնալով՝ չի կարելի դրանց՝ մեկ այլ առողջական խնդրի՝ ամորձիների քաղցկեղի առկայության մասին վկայելու հնարավորության մասին չհիշատակել: Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի գնահատմամբ, ընթացիկ տարում քաղցկեղի այս տեսակով ախտորոշված հիվանդների թիվը կարող է 8820-ի հասնել, որոնցից 380-ը՝ մահվան ելքով: Ներկայացված ցուցանիշն այնքան էլ բարձր չէ, քանի որ հիվանդության դեմ արդյունավետ պայքարի տարատեսակ միջոցներ գոյություն ունեն: Այդուհանդերձ, խոսքը լուրջ հիվանդության՝ քաղցկեղի մասին է, ինչը կարող է ինչպես մեկ, այնպես էլ զույգ ամորձիները ախտահարել եւ դրանց մակերեսին ուռուցքի ձեւավորմամբ, չափերի մեծացմամբ, փոշտի ծանրությամբ, որովային ստորին հատվածում կամ աճուկի շրջանում արտահայտվող ցավերով կամ էլ՝ փոշտի մեջ հեղուկ զանգվածի կուտակմամբ դրսեւորվել:
Քաղցկեղի հիշյալ տեսակը ցանկացած տարիքի տղամարդու մոտ կարող է ի հայտ գալ, թեեւ ամենախոցելի տարիքը 20-34 տարեկանն է համարվում, հատկապես՝ սպիտակամորթ բնակչության շրջանում, որոնց մոտ, սեւամորթների հետ համեմատությամբ, հիվանդության առաջացման ռիսկը 4-5 անգամ բարձր է գնահատվում: Ի միջի այլոց, ամորձիների քաղցկեղի բացակայության մեջ կարող եք ինքներդ՝ յուրաքանչյուր անգամ լոգանք կամ ցնցուղ ընդունելիս համոզվել: Ինքնաստուգման համար հարկավոր է հետեւյալ՝ Քլիվլենդի հիվանդանոցի կողմից առաջարկվող քայլերը ձեռնարկել.
• Կանգնեք տաք ցնցուցի տաք այնպես, որ ամորձիներն ցած կախվեն: Ջերմությունը փոշտի մաշկը փափկեցնելու եւ անսովոր գոյացությունները շոշափելիքի օգնությամբ զգալու հնարավորություն է ընձեռում:
• Ամորձիներից մեկը ցուցամատով եւ միջնամատով՝ տակից, իսկ բութ մատով՝ վերեւից բռնեք եւ այս ու այն կողմ պտտեցրեք: Եթե միայն ամրություն զգաք` ուրեմն ամեն ինչ կարգին է: Նույն կերպ մյուսը ստուգեք (չմոռանանք նշել, որ ամորձիները չափերով մեկը մյուսից տարբեր կարող են լինել):
• Եթե ամորձու չափի փոփոխություն կամ դրա մեջ՝ փափկություն, ուռուցք, այտուցվածություն եք զգում, հարկավոր է բժշկից հանդիպում խնդրել:






