Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ինքնասպանությունների կանխարգելմանը միտված առաջին՝ «Ինքնասպանությունների կանխարգելում. համաշխարհային հրամայական» վերտառությամբ զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ յուրաքանչյուր տարի աշխարհում ինքնասպանության 800 հազար դեպք է գրանցվում, այսինքն, 40 վայրկյանը մեկ աշխարհում ինքնասպանություն է կատարվում։ Փաստաթուղթը կազմակերպության պաշտոնական կայքում է հրապարակվել: 

ԱՀԿ-ի ներկայացրած տվյալների համաձայն, 2012թ.-ին ինքնասպանության փորձի հետեւանքով մահացության 804 հազար դեպք է գրանցվել: Ընդ որում, ինտենսիվ ցուցանիշը, աշխարհի յուրաքանչյուր 100 հազար բնակիչների հաշվով, 11,4 մարդ է կազմում: Տղամարդկանց պարագայում այն 15-ի է հավասար, իսկ կանանց դեպքում՝ 8-ի: Ավելին՝ հետազոտության հեղինակների պնդմամբ, որոշ երկրներում ինքնասպանության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն ընդհանրապես չի իրականացվում: Փոխարենը դրանք որպես դժբախտ պատահարի կամ մահացության այլ պատճառի արդյունքում ի հայտ եկած մահվան ելք են դասակարգվում:

Հետաքրքրական է այն, որ զարգացած երկրներում տղամարդիկ՝ ի համեմատություն կանանց, երեք անգամ առավել հաճախ են կյանքի հետ հաշվիները մաքրում, իսկ ահա կյանքի միջին եւ ցածր մակարդակով աչքի ընկնող երկների պարագայում ինքնասպանության դեպքերի՝ ըստ սեռի հարաբերակցությունը գրեթե հավասար է:

Համաձայն վիճակագրության, ինքնասպանությունը 15-29 տարեկանների տարիքային խմբում մահացության գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում, թեեւ կյանքին սեփական նախաձեռնությամբ վերջ տալու հակումն առավելապես 70-ից բարձր տարիքի մարդկանց մոտ է նկատվում: ԱՀԿ-ի տվյալներով, ինքնասպանություն գործած յուրաքանչյուր մարդուն ինքնասպանության «անհաջող» փորձ կատարած եւս 20-ն են բաժին հասնում:

Հայաստանի պարագայում, համաձայն Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հրապարակված տվյալների, նույն ժամանակահատվածին՝ 2012թ.-ին վերագրվող ինքնասպանության դեպքերի թիվը 79 է կազմել: Ընդ որում, կյանքի հետ հաշիվները մաքրած մեր հայրենակիցներից 20-ը կանայք են եղել, եւ 59-ը՝ տղամարդիկ: Այսինքն՝ վերջիններս 3 անգամ առավել հաճախ են ինքնակործան քայլին դիմել: 15-29 տարեկանների տարիքային խումբը ներկայացնող ինքնասպանների թիվը 11 է կազմել, 70-ից բարձր տարիքի անձանց պարագայում՝ եւս 11: Հոգեբուժարաններում հաշվարկված հիվանդներից 45-ը ինքնասպանության փորձ են կատարել, որոնցից 17-ը՝ մահվան ելքով:

Ինքնասպանությունների թիվը կրճատելու նպատակով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դրանց իրականացման համար գործարկվող՝ առավել տարածված միջոցների՝ թունավոր նյութերի, հրազենի եւ որոշ դեղամիջոցների նկատմամբ հասանելիության մակարդակի նվազեցում ենթադրող միջոցառումներ ձեռնարկել:

ԱՀԿ-ի փորձագետները նաեւ զանգվածային լրատվամիջոցների կողմից ինքնասպանության դեպքերի լուսաբանման խնդիրն են ուշադրության արժանացնում՝ համարելով, թե այն կարող է այսպես կոչված նմանակող ինքնասպանների «ոգեւորության ալիք» բարձրացնել: