Հնդկական գիտության ինստիտուտի ֆիզիկայի բաժանմունքի գիտնականները փափուկ, կրելի սարք են մշակել՝ ինսուլտից վերականգնվող հիվանդների վերջույթների կամ մատների շարժումների որոշման համար, գրում է MedicalXpress-ը: Կարգավորելի, 3D սարքով տպագրված ձեռնոցները կարող են կառավարվել հեռակա կարգով, ինչը հեռախորհրդատվության հնարավորություն է ստեղծում ֆիզիոթերապեւտների համար: Հայտնագործությունն արած թիմի ղեկավար Ավիկ Բիդը բացատրել է, որ քանակական հետադարձ կապը, օրինակ՝ ճնշման միավորները, որը գործադրվում է գնդակը սեղմելիս, կամ ոտքի ծալման աստիճանը ծնկի տրավմայի դեպքում չափազանց կարեւոր է, որպեսզի բժիշկները կարողանան վերահսկել հիվանդի վիճակը նույնիսկ հեռավար:
Սարքի տեխնոլոգիան հիմնված է լույսի հիմնարար հատկությունների վրա՝ բեկում եւ արտացոլում: Լույսի աղբյուրը տեղադրված է թափանցիկ ռետինե նյութի մի ծայրին, իսկ լույսի դետեկտորը՝ մյուս ծայրին: Հիվանդի մատի կամ ձեռքի ցանկացած շարժում ճկուն նյութի դեֆորմացիա է առաջացնում։ Դեֆորմացիան փոխում է լույսի ուղին եւ հետեւաբար՝ դրա հատկությունները: Սարքը լույսի հատկությունների այդ փոփոխությունը քանակական միավորների է վերածում։ Քանի որ լույսն անցնում է սարքի ամբողջ երկարությամբ, հիվանդի մատի կամ ձեռքի ցանկացած մասի երկայնքով շարժումը կարող է ճշգրիտ չափվել:
Ըստ թիմի անդամ, ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր եւ նախագծի ղեկավար Աբհիջիտ Չանդրա Ռոյի՝ սարքը բավականաչափ զգայուն է՝ թիթեռի հպմանն արձագանքելու համար:
Բացի այդ, եթե գոյություն ունեցող սարքերը կարող են հայտնաբերել միայն մատների ծալումը, նոր սարքը կարող է չափել մատի յուրաքանչյուր հոդի ճկման աստիճանը, բացատրել է նա:






