ԱՄՆ չափահաս բնակիչների երրորդ մասի մոտ կարելի է ճարպակալման նշաններ գտնել, ինչը սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարախտի եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման վտանգ է ենթադրում: Այդ մարդիկ (հատկապես «ծանր» ճարպակալման պարագայում) խիստ դժվարությամբ են ավելորդ քաշից ազատվում, իսկ բժշկական միջամտությունն ու նշանակված դեղամիջոցները ընդամենը ժամանակավորապես կարող են օգնել: Այլընտրանքներից մեկը նաեւ բարիատրիկ վիրահատությունն է, որը, սակայն, երկարաժամկետ արդյունավետության եւ ինվազիվության տեսանկյունից, կրկին տարաձայնությունների տեղիք է տալիս: Վերջերս խնդրի լուծմանը միտված մեկ այլ պրոցեդուրա է մշակվել, որը քաղցի զգացում հրահրող նյարդի ճնշում է ենթադրում, թեեւս բուժման այս տարբերակն էլ, արդյունավետության տեսանկյունից, հստակությամբ չի փայլում, հաղորդում է Medical Daily-ն:
Թափառող նյարդը մարդու օրգանիզմում առկա նյարդերից թերեւս ամենաբարդն է համարվում: Այն կարող է ուղեղից մինչ որովայն շրջելով՝ բոլոր օրգաններին, ներառյալ՝ ստամոքսին, մարսողության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ ազդակները հաղորդել: Մասնավորապես, ստամոքսը հենց թափառող նյարդի օգնությամբ է կլանված կերակուրը դեպի մարսողական համակարգի մաս կազմող օրգանները մղում: Բացի այդ, հիշյալ նյարդը մարդու մոտ առաջացող քաղցի զգացումն է կարգավորում: Նախընթաց հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց պարագայում այն զգայունակության կորստով է աչքի ընկնում, ինչը կարող է սննդի գերկլանում հրահրել:
Ընթացիկ հետազոտության շրջանակում Մինեապոլիսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները փորձել են էլեկտրոդներով զինված սարքի օգնությամբ թափառող նյարդի՝ քաղցի զգացում հրահրող ազդակները ճնշել: Այն 35-45 մարմնի զանգվածի ինդեքս ունեցող 162՝ ծանր գերքաշությամբ եւ ճարպակալմամբ հրահրված առնվազն մեկ հիվանդությամբ տառապող մասնակիցների նկատմամբ է փորձարկվել: Եւս 77՝ նույնպիսի առողջական վիճակ ունեցող մասնակիցներ համեմատական խմբում են ներառվել՝ քաշի կառավարմանը միտված ազդեցության այլ եղանակների ենթարկվելու համար:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ առաջարկվող պրոցեդուրան կարճաժամկետ հատվածում միջին արդյունավետություն կարող է առաջարկել: Մեկ տարի անց առաջին խմբում ներառված հիվանդների մոտ քաշի՝ 24,4 տոկոսի չափով կրճատում է արձանագրվել՝ ի տարբերություն համեմատական խմբի անդամների, որոնց պարագայում ցուցանիշը 16 տոկոս է կազմել:
Չնայած արձանագրված տարբերությանը՝ գիտահետազոտական խմբի անդամները գոհ չեն փորձարկման արդյունքներից, քանի որ շատ ավելի բարձր ցուցանիշներ էին ակնկալում: Բացի այդ, նրանց գնահատմամբ, կիրառվող սարքը կարող էր նաեւ որոշակիորեն պլացեբոյի էֆեկտ ունենալ:






