Անգլիայում մեկ մարդու մոտ կապիկի ծաղիկ է ախտորոշվել, հայտնում է PA MEDIA-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահական մարմիններին։

Պացիենտը վերջերս է դուրս եկել Նիգերիայից, որտեղ, ենթադրաբար, վարակվել է, եւ մեկնել է Մեծ Բրիտանիա:

Այժմ նա բուժվում է լոնդոնյան Guy's and St Thomas' NHS Foundation Trust հիմնադրամի փորձագիտական ինֆեկցիոն բաժանմունքում:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության (UKHSA) փորձագետները վերահսկում են իրավիճակը եւ սերտորեն համագործակցում են NHS-ից գործընկերների հետ, որպեսզի կապ հաստատեն նրանց հետ, ովքեր կարող էին սերտ շփման մեջ լինել այդ մարդու հետ:

«Կարեւոր է ընդգծել, որ կապիկի ծաղիկը հեշտությամբ չի տարածվում մարդկանց մեջ, եւ հանրության համար ընդհանուր ռիսկը շատ ցածր է»,- ասել է UKHSA-ի կլինիկական եւ նոր վարակների բաժանմունքի տնօրեն, դոկտոր Քոլին Բրաունը:

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է պրիմատների կողմից: Մարդուց մարդուն կապիկի ջրծաղիկը փոխանցվում է կենսաբանական հեղուկների, այդ թվում՝ թքի միջոցով: Այս հիվանդությունը տարածված է միայն Աֆրիկայում, դրանից մահացությունը մոտ 10 տոկոս է կազմում։