ԱՄՆ Պուլմեն քաղաքում գործող Վաշինգտոնի պետական համալսարանի (Washington State University, Pullman) գիտահետազոտական խմբերից մեկի անդամները լաբորատոր կենդանիների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում պարզել են, որ էգերի օրգանիզմը մարիխուանայի բաղադրիչների նկատմամբ արուներից որոշակիորեն տարբերվող ռեակցիայով է աչքի ընկնում: Համաձայն հետազոտության արդյունքների, ընդհանուր առմամբ, կանեփը կանացի օրգանիզմի վրա առավել քայքայիչ ազդեցություն է թողնում:

Նախընթաց՝ մի քանի օր առաջ ավարտված մեկ այլ հետազոտությամբ Մասաչուսեթս նահանգի գլխավոր հիվանդանոցը (Massachusetts General Hospital) ներկայացնող փորձագետները համոզիչ փաստարկներ էին գտել առ այն, որ մարիխուանա օգտագործողներից առնվազն 40 տոկոսի մոտ «խոտի» նկատմամբ կախվածություն կարող է առաջանալ:

Իսկ այժմ էլ բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ աղջիկների եւ կանանց մոտ կանեփի նկատմամբ կախվածությունը կարող է շատ ավելի արագ զարգանալ եւ առավել ծանր բնույթ կրել, հաղորդում է The Daily Mail-ը:

Մասնավորապես, լաբորատոր առնետների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ կանաբինոիդների՝ 10 օր շարունակ՝ կանոնավոր ներարկման դեպքում էգ կենդանիների մոտ, արուների հետ համեմատությամբ, տոլերանտության առավել բարձր մակարդակ է նկատվում: Ասել է, թե՝ անհրաժեշտ արդյունքի (տվյալ դեպքում՝ ցավազրկման) հասնելու համար էգերի պարագայում կանեփի հիմնական բաղադրիչի առավել բարձր չափաքանակներ են պահանջվում: Տենդենցը չի փոխվել նույնիսկ այն պարագայում, երբ գիտնականներն էգ կենդանիներին, արուների հետ համեմատությամբ, առավել ցածր ծավալով առաջնային չափաքանակներ են առաջարկել:

Մարդկանց մոտ տետրահիդրոկանաբինոլի նկատմամբ տոլերանտության աճը կարող է թմրանյութի նկատմամբ կախվածության եւ, դրա բացակայության դեպքում, չեղարկման համախտանիշի առաջացման հանգեցնել:

Հետազոտության հեղինակները բացահայտված երեւույթը գլխավոր իգական հորմոնի՝ էստրոգենի մակարդակի կանոնավոր փոփոխություններով են բացատրում: Վերջինս դաշտանային ցիկլով է պայմանավորված՝ նախքան ձվազատումը էստրոգենի առավելագույն մակարդակ, այնուհետեւ էլ՝ անկում է նկատվում: