Մրսածությունից հետո տեւական հազն այնքան էլ հազվադեպ չէ, որքան կարող է թվալ: Պետք չէ խուճապի մատնվել, երբ այն հայտնվում է, բայց պետք չէ նաեւ իրավիճակն ինքնահոսի թողնել։ Ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ՝ հնարավորինս արագ խնդրից ձերբազատվելու եւ վիճակը չսրացնելու համար, «Արգումենտի ի ֆակտի»-ին ասել է «Մեդինսենթեր» կլինիկական եւ ախտորոշիչ կենտրոնի վարակաբան Օլգա Մատյուխինան։
Երբեմն կարելի է փորձել կանխագուշակել, թե հիվանդությունից հետո ով է ավելի շատ ենթարկված նման բարդության ռիսկին: Մասնագետի խոսքով՝ այդպիսի հազը հատկապես տարածված է տարեցների եւ բրոնխո-թոքային համակարգի քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ։
«Առանց ջերմության չոր անարդյունավետ հազը, որպես կանոն, դեղորայքային բուժման նշանակում չի պահանջում։ Այդպիսի դեպքերում խորհուրդ է տրվում շատ ջուր խմել, զբոսնել մաքուր օդին, շնչառական վարժություններ եւ երբեմն նաեւ մերսում կատարել»,- նշել է մասնագետը։
Կան իրավիճակներ, երբ հատկապես չի կարելի անտեսել տեւական հազը, ինչպես նաեւ պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ այն կարող է լուրջ պաթոլոգիայի վերածվել։
«Եթե հիվանդությունից հետո տեւական հազի ֆոնին մարմնի ջերմաստիճանի բարձրացում է տեղի ունենում, հազն օրվա ընթացքում ուժեղանում է, ուղեկցվում է ծանրությամբ կրծքավանդակի հետեւում կամ շնչահեղձությամբ, պետք է անհապաղ բժշկի դիմել»,- խորհուրդ է տալիս Օլգա Մատյուխինան:






