Բոլորը գիտեն, թե ինչպես ճիշտ ուտել բանանը. նախ պետք է մաքրել միրգը, ուտել ուտելի մասը, իսկ մնացածը դեն նետել: Պարզվում է, որ այն, ինչ բոլորը դեն են նետում, եւս կարող է շատ օգտակար լինել, գրում է Planet Today-ը։

Միակ խնդիրն այն է, որ կեղեւն անհնար է ծամել, այն չափազանց կոշտ է եւ ոչ համեղ: Բայց այն այնքան հարուստ միկրոտարրերի բաղադրություն ունի, որ շատերը սկսում են դրա օգտագործման որոշ ուղիներ հորինել:

Բանանի կեղեւի գլխավոր պլյուսը մագնեզիումն է։ Այն անհրաժեշտ է մկանների աշխատանքի համար, այդ թվում՝ սրտի, եւ ոտքերի սպազմից խուսափելու համար։ Բացի այդ, էկզոտիկ մրգի կեղեւը մեծ քանակությամբ գեղեցկության վիտամին համարվող վիտամին A եւ B խմբի վիտամինների հարուստ տեսականի է պարունակում։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ շատերը սովորել են ուտել բանանի կեղեւը՝ այն նախապես մանրացնելով կամ ջերմային մշակման ենթարկելով։ Օրինակ, պատրաստում են բնական սմուզիներ՝ պտուղը կեղեւի հետ միասին մանրացնելով կամ ամբողջությամբ եփելով, որպեսզի փափկի:

«Եթե որոշել եք այդպես վարվել, մի մոռացեք բանանը շատ լավ լվանալ, քանի որ այն աճեցնելու եւ տեղափոխելու ընթացքում դրա վրա բազմաթիվ քիմիական նյութեր են ցողվում, այդ թվում՝ օրգանիզմի համար վտանգավոր»,- հիշեցնում են բժիշկները։