Ծանր մանկությունը կարող է հետագա տարիներին լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Գործընթացի հիմքում ընկած մեխանիզմներից են սթրեսը, բացասական էմոցիաներն ու մտածելակերպի մոդելները, հոգեկան թույլ առողջությունը, հաճախակի բնույթ կրող բորբոքումների առաջացումը, թույլ իմունային համակարգը եւ անբարեկարգ նյութափոխանակությունը: Մասնավորապես, չափահաս տարիքում ճարպակալման առաջացման ռիսկը մեծ է այն մարդկանց մոտ, որոնք մանկության տարիներին բռնության են ենթարկվել, հաղորդում է Science World Report-ը:
Գիտնականները նախկինում՝ 112 հազար մասնակիցների շրջանում իրականացված 23 հետազոտությունների արդյունքներն են վերլուծել: Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չափահաս մարդկանց 5-10 տոկոսը մանկության տարիներին բռնության են ենթարկվել: Գիտնականներն արձանագրել են, որ նրանց մոտ ճարպակալման առաջացման ռիսկի՝ 34 տոկոսի չափով աճ է նկատվում: Ընդ որում, ֆիզիկական բռնությանը վերագրվող աճի ցուցանիշը 28 տոկոս է կազմում, էմոցիոնալ բռնությանը՝ 36 տոկոս, սեռականը՝ 31 եւ ընդհանուր բռնությանը՝ 45 տոկոս:
«Երեւույթների միջեւ կապ միանշանակ գոյություն ունի, սակայն մանկության տարիներին բռնության ենթարկված ոչ բոլոր մարդիկ են ճարպակալմամբ տառապում, եւ ճարպակալմամբ տառապող ոչ բոլոր մարդիկ են մանկության տարիներին բռնության ենթարկվել, այնպես որ, ամենայն հավանականությամբ, երեւույթը նաեւ այլ գործոնների ազդեցությունն է կրում: Կարեւորն այն է, որ հիշենք՝ երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքը չի կարող որեւէ լավ արդյունքի հանգեցնել», - նշել է գիտահետազոտական խմբի անդամներից մեկը՝ Էրիկ Հեմինգսոնը:
Գիտնականների համոզմամբ, ճարպակալման համաճարակի դեմ միայն համալիր պրոֆիլակտիկ միջոցառումների օգնությամբ կարելի է պայքարել:






