Սեպտեմբերի 8-ին Երեւանում բարեգործական համերգ է տեղի ունենալու, որի ընթացքում ստացված հանգանակությունները մանկական ուղեղային կաթվածով տառապող երեխաներին են փոխանցվելու։ Ինչպես լրագրողներին համերգի կազմակերպիչներից մեկը՝ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է հայտնել, համերգի պատվավոր հյուրն է լինելու ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Մասնակցելու են նաեւ մշակույթի նախարարը, բազմաթիվ քաղաքական գործիչներ, հայտնի գործարարներ եւ, իհարկե, էստրադային աստղեր։
«Կարեւոր է, որ երգիչ-երգչուհիները, դերասաններն անմիջականորեն շփվեն այդ երեխաների հետ», - նշել է Արմեն Մարտիրոսյանը, ավելացնելով, որ համերգի հիմնական նպատակներից մեկը հենց այդ շփումն է, որը շատ օգտակար կլինի երեխաների համար։
«Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանի հաղորդմամբ, համերգի ընթացքում ստացված յուրաքանչյուր դրամ մանկական ուղեղային կաթվածոց տառապող150 երեխաների բուժմանն է ուղղվելու։ Երեխաները հիմնականում 1-11 տարեկան են։ «Դա ամենաարդյունավետ տարիքն է՝ վերականգնողական բուժման եւ ֆիզիկապես վերականգնվելու համար», - նշել է Նարինե Մանուկյանը՝ հավելելով, որ եթե ինչ-որ մեկը կոնկրետ երեխայի օգնելու ցանկություն ունի, կարող է անմիջապես նրա ծնողների հետ կապի մեջ մտնել՝ չանհանգստանալով, թե հատկացրած գումարի մասը կարող է ինչ-որ միջնորդի անցնել։
Համերգը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին՝ «Ջամբո» համալիրում է տեղի ունենալու։ Տոմսեր նախատեսված չեն՝ մուտքն ազատ է բոլորի համար։
Հիշեցնենք, որ մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները, ինչի պատճառով երեխան շարժվելու եւ երբեմն խոսքի հետ խնդիրներ է ունենում։ Նման երեխաները հատուկ ռեաբիլիտացիոն բուժման եւ երբեմն վիրահատությունների կարիք են ունենում, եւ հենց այդպիսի բուժմանն է ուղղվելու համարգի ընթացքում ստացված հասույթը։






