Էլեկտրոնային ծխախոտի օգտագործման վտանգները լավ հայտնի են, երբ խոսքը վերաբերում է կախվածության առաջացման հնարավորությանը եւ թոքերի ախտահարմանը, սակայն Journal of Surgical Research-ում հրապարակված նոր ուսումնասիրությունը հայտնաբերել է անհանգստության եւս մեկ պատճառ՝ օգտագործման ժամանակ վեպ-սարքերի պայթելու հնարավորությունը:

Երեխաների վիրաբուժության ուսումնասիրման Արեւմտյան կոնսորցիումի անդամների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 2016 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականի դեկտեմբեր ինը մանկական հիվանդանոցներում 15 պացիենտներ տրավմատիկ վնասվածքներ են ստացել էլեկտրոնային ծխախոտի պայթյունների հետեւանքով: Նրանցից տասը հոսպիտալացվել են, երեքը՝ վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ հետազոտության հեղինակներից մեկի՝ բժշկական գիտությունների դոկտոր, Կոլորադոյի համալսարանի բժշկական դպրոցի մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Շենոն Ակերի, հետազոտությանը մասնակցել է 15 պացիենտ, որոնցից վեցը վիրահատության է ենթարկվել:

Նա Medical Xpress-ին պատմել է, որ էլեկտրոնային ծխախոտներում օգտագործվում է վերալիցքավորվող լիթիում-իոնային մարտկոց, որը գոլորշիացնում է հեղուկ նիկոտինի լուծույթը: Մարտկոցները կարող են լինել անորակ եւ պայթյունի հակում ունենալ: Ուստի, եթե այն հայտնվի ձեռքում կամ դեմքի մոտ, դա կհանգեցնի վնասվածքի։

Մասնագետը նաեւ տեղեկացրել է, որ իրենց տվյալների համաձայն՝ վերջին 30 օրվա ընթացքում միջին դպրոցի աշակերտների ավելի քան 5 տոկոսը եւ ավագ դպրոցի աշակերտների 11 տոկոսը օգտագործել են էլեկտրոնային ծխախոտ, եւ ներկայումս դրանք ամենաշատ օգտագործվող ծխախոտն են։ Դրանց օգտագործումը դպրոցականների շրջանում աճել է 900 տոկոսով։