Լիբերիայում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված ամերիկացի բժիշկ Ռիկ Սակրան (Rick Sacra) բուժման նպատակով Միացյալ Նահանգներ է տեղափոխվել: Նրան հայրենիք տեղափոխող ինքնաթիռը Նեբրասկա նահանգում գտնվող Օմահա քաղաքի օդանավակայանում է վայրէջք կատարել: Հիվանդի բուժումը տեղի առողջապահական կենտրոններից մեկում է կազմակերպվելու:

Կնոջ հավաստիացմամբ, չնայած հիվանդությանը, Ռիկը բարձր տրամադրություն է պահպանում եւ Լիբերիայում նույնիսկ ինքնուրույն է օդանավ բարձրացել: «Դա մեծ հույս տվեց մեզ, համոզմունք, որ շուտով առաջվա նման միասին ենք լինելու», - CNN-ի թղթակցին պատմել է Դեբբի Սակրան:

Դոկտոր Սակրան կամավոր սկզբունքով է Լիբերիա վերադառնալու եւ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարը շարունակելու ցանկություն հայտնել՝ այն բանից հետո, երբ երեք այլ ամերիկացիներ վարակվել էին խիստ վտանգավոր հիվանդությամբ: Նրանցից երկուսին՝ բժիշկներ Քենթ Բրենթլիին եւ Նենսի Րայթբոլին հաջողվել էլ բուժման կուրս ընդունել եւ լիովին ապաքինվել, սակայն երրորդը՝ լիբերիական ծագում ունեցող Պատրիկ Սեւյերը, անձնատուր էր եղել տենդին ու մահացել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, մինչ այժմ մահացու վիրուսով վարակման ավելի քան 3,5 հազար դեպք է արձանագրվել, որից առնվազն 1900-ը՝ մահվան ելքով: