Երկրի «որակի» մասին են խոսում փողոցները, որտեղ կան սայլակով մարդիկ ու չկան թափառական շներ։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում արտահայտել է մանկական ուղեղային կաթվածով երեխաներին նվիրված բարեգործական համերգի կազմակերպիչ Արտյոմ Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մեզ մոտ, Հայաստանում, դեռ հակառակն է, եւ փողոցներում գրեթե չես հանդիպի սայլակով մարդկանց, ինչն էլ տպավորություն է ստեղծում, որ նրանք չկան։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա համեմատեց Հայաստանում տիրող այդ իրավիճակը եվրոպական երկրների, մասնավորապես, Հոլանդիայի հետ։
Նրա փոխանցմամբ՝ Հոլանդիայի քաղաքների փողոցներում կարելի է շատ հաշմանդամ երեխաների տեսնել. նրանք խաղում են այլ երեխաների հետ, շփվում են, լիարժեք կյանքով են ապրում։ Առողջ երեխաներն էլ հիվանդների հանդեպ շատ ուշադիր են, քանի որ նրանց այդպես են սովորեցրել։ Մեզ մոտ դա դեռ չկա, եւ Հայաստանում հիվանդ երեխաներին խաղահրապարակներ գրեթե չեն տանում՝ գուցե, ծնողների ամաչելու համ հասարակության վերաբերմունքի պատճառով։
Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, ով նույնպես վերը նշված համերգի կազմակերպիչներից է, իր հերթին նշել է, որ գործի բերումով շատ է ճամփորդել եւ նկատել է, որ բոլոր զարգացած երկրներում փողոցներում կարելի է սայլակներով մարդկանց տեսնել, եւ նրանք հասարակության կողմից առանձնակի ուշադրության են արժանանում։
«Ես ուղղակի նախանձով էի նայում, թե ինչպես է կառավարությունը եւ առաջին հերթին հասարակությունը փայփայելով, զգույշությամբ վերաբերվում հաշմանդամներին, առավելեւս հաշմանդամ երեխաներին», - նշել է նա։
Հայաստանում, կարծես, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները անտեսվում են շատերի կողմից, եթե նրանք անմիջականորեն չեն առնչվել այդ խնդիրների հետ։
Մյուս կողմից, թվում է, որ մեր հասարակության մեջ վերջերս ինչ-որ բան արդեն փոխվում է։ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, այն, որ շատ մարդիկ պատրաստակամորեն անձագանքել են վերը նշված համերգի հրավերին եւ ցանկություն են հայտնել ինչ-որ կերպ օգնել, հույս է տալիս մտածել, որ մեր հասարակության մեջ վերբարմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ իրոք փոխվում է։






