ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազան է: Բժշկական կազմակերպությունում գործում են թերապիայի, մանկաբուժության, էնդոկրինոլոգիայի, թունաբանության եւ մանկական վերակենդանացման, վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի, դիմածնոտային վիրաբուժության եւ ԼՕՌ, անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման, Ֆիզիոթերապիայի եւ ռեաբիլիտացիայի, քիմիաթերապիայի, խաղաթերապիայի կլինիկաները, հիշողության խանգարման կենտրոնը, ինչպես նաեւ լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը, որն իրականացնում է կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական, իմունաբանական, բակտերիոլոգիական եւ այլ քննություններ:
Հիվանդանոցի «Մուրացան» պոլիկլինիկան սպասարկում է 11 000-ից ավելի 0-18 տարեկան երեխաների եւ շուրջ 3000 մեծահասակ բնակչության: Պոլիկլինիկայի կազմում է նաեւ բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական եւ մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ եւ բուժմամբ: Իրականացվում է նաեւ ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ եւ հետագա հսկողություն:
2004 թվականից գործող խաղաթերապիայի սենյակում նախարարի այցելության ժամանակ բուժում ստացող երեխաները նկարում էին: Արմեն Մուրադյանը կենտրոնի հոգեբան Լուսինե Հովհաննիսյանին առաջարկեց երեխաների աշխատանքներից բարեգործական ցուցահանդես-վաճառք կազմակերպել` ստացված հասույթն ուղղելով անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելուն։
Խաղաթերապիայի սենյակում ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտ էր։ Դա, ինչ խոսք, նպաստում է հիվանդ երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելուն, միմյանց նկատմամբ առավել հոգատար լինելուն:
2007թ.-ից առ այսօր խաղաթերապիայի կաբինետում PMU InterLife կազմակերպության ծրագրի շրջանակում պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի բուժանձնակազմի հետ համատեղ իրականացվում է «Ընտանեկան կենտրոն» կրթական եւ զարգացման ծրագիրը` հիմնականում ծնողների շրջանում։
Հիվանդանոցի ուսումնական մասում նախարարը զրուցեց ուսանողների հետ, հետաքրքրվեց նրանց մասնագիտացմամբ: Ուսանողներից շատերն արդեն կողմնորոշվել էին իրենց մասնագիտության ընտրության մեջ: Արմեն Մուրադյանը լսարանում հանդիպեց նաեւ Հայաստանում բարձրագույն բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողներին:
Նախարարին ներկայացվեց հիվանդանոցի ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգը:






