Սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունը հավանություն է տվել Merck & Co Inc դեղագործական ընկերության կողմից մշակված նոր դեղամիջոցին, որ, իմունային համակարգի խթանման միջոցով, մաշկի մահացու քաղցկեղի՝ մելանոմայի դեմ պայքարի արդյունավետ եղանակ է առաջարկում: Ըստ էության, առաջարկվող մեթոդը դեռեւս նորույթ է բժշկության մեջ. պեմբրոլիզումաբ անունը կրող դեղամիջոցը, որ Keyrtruda ապրանքանիշով է շուկա հանվելու, քաղցկեղի բուժման նպատակով կիրառման ենթակա առաջին իմունախթանիչն է հանդիսանում եւ ագրեսիվ մելանոմայով ախտորոշված՝ թերապիայի այլ տեսակներին այլեւս չարձագանքող հիվանդներին է նշանակվելու, հաղորդում է FoxNews-ը:

Նորահայտ դեղամիջոցը իմունային համակարգի կողմից քաղցկեղային բջիջների ճանաչելիության մակարդակը բարձրացնելու եւ հակահարված խթանելու նապատակ է հետապնդում: Խնդիրը իմունային արձագանքից խուսափելու տեսանկյունից ուռուցքների աճի համար մեծ հարմարավետություն ներկայացնող՝ ծրագրավորված մահի ռեցեպտոր (Programmed Death receptor, PD-1), անունը ստացած կամ նմանատիպ գործառույթ իրականացնող՝ PD-L1 անվամբ հայտնի սպիտակուցների աշխատանքի արգելափակմամբ է լուծվում:

«Սա բժշկության վերջին խոսքն է՝ մելանոմայի դեմ պայքարում, ինչը կարող է նոր խթան ծառայել՝ հիվանդության բուժմանը միտված նոր՝ առավել արդյունավետ միջոցների մշակման համար», - նշել է մելանոմայի ամերիկյան կենտրոնի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Վենդի Սելիգը՝ հիշեցնելով, որ նոր դեղամիջոցը արդեն իսկ ագրեսիվ մելանոմայով հիվանդ՝ ընդամենը մի քանի տարի առաջ փրկության նվազագույն հույս անգամ չունեցող բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել:

Մելանոման մաշկի քաղցկեղի ամենամահացու տեսակն է հանդիսանում: Ամեն տարի այն շուրջ 76 հազար ամերիկացիների է ախտահարում, մինչ հիվանդությունից մահացածների թիվը նույն ժամանակահատվածի ընթացքում, քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալներով, մոտավորապես 10 հազար է կազմում:

Սննդամթերքի եւ դեղամիջոցները ամերիկյան վարչության հաղորդմամբ, Keytruda-ն կլինիկական փորձարկումների արդյունքում ագրեսիվ մելանոմայով տառապող՝ թերապիայի բոլոր այլ միջոցների ազդեցությամբ առավել վատթար վիճակի հասած հիվանդների մոտ առկա ուռուցքի չափերի շուրջ 24 տոկոսի չափով կրճատում է նկատվել:

Keytruda-ի արդյունավետության վերաբերյալ որոշման վերջնաժամկետը հոկտեմբերի 28-ն էր համարվում, սակայն վարչության փորձագետները որոշել են գրեթե երկու ամիս շուտ դրական եզրակացություն տալ:

«Մենք հաստատակամ ենք՝ ամեն ինչ անել՝ դեղամիջոցը մելանոմայով տառապող հիվանդներին հնարավորինս կարճ ժամկետներում հասանելի դարձնելու համար», - խոստացել է դոկտոր Սելիգը:

Հարկ է նշել, որ Rival Bristol-Myers Squibb դեղագործական ընկերությունը եւս նույն դասը ներկայացնող՝ Ճապոնիայի առողջապահական ոլորտի պատասխանատուներից կողմից արդեն իսկ հաստատում գտած դեղամիջոց է մշակել եւ ներկայումս  ԱՄՆ իշխանությունների հավանությանն է սպասում՝ այն շուկա հանելու համար: