Ուղիղ ու առողջ ողնաշարը ձեր օրգանիզմի առողջության գրավականն է:  Այս մասին դեկտեմբերի 19-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆիզիկական կատարելության եւ շնչառական մարմնամարզության կենտրոնի տնօրեն,  ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանը:

Այսօրվա դրությամբ քիչ շարժուն կենսակերպի եւ նստակյաց կյանքի պատճառով շատ մարդկանց մոտ խնդիրներ են առաջանում ողնաշարի հետ, ինչը հանգեցնում է տարբեր հիվանդությունների եւ կեցվածքի շեղումների դեռ վաղ մանկական հասակից:

«Եթե նախկինում մեր հիվանդները հիմնականում ողնաշարի հետ խնդիրներ ունեցող տարիքով մարդիկ էին, ապա  հիմա մեծ քանակությամբ երիտասարդ հիվնադներ, ինչպես նաեւ շատ երեխաներ  են դիմում, ում ռեւմատիկ ցավեր են տանջում»,-  ասաց ֆիզիոլոգը, նշելով , որ շատ մասնագետներ այդպես էլ չեն կարողանում գտնել  ողնաշարի քրոնիկ խնդիրների հանգեցնող պատճառները: Ողնաշարի հետ կապված ամենատարածված հիվանդություններն են գոտկային եւ պարանոցային օստեոխոնդրոզը:  Գոտկային հատվածի օստեոխոնդրոզի ժամանակ ցավերը առաջանում են ողնաշարի ստորին հատվածներում, երբ մարդ երկար նստում է, սխալ եւ երկար կանգնում, ինչի ժամանակ հիմնականում թուլանում է  մկանային համակարգը, դա էլ հանգեցնում է միջողնային դիսկերի շեղման: Արդյունքում սկսվում են սեղմվել նյարդերը, ինչն էլ փաստացի հանգեցնում է ճողվածքների:  «Հաճախ մեզ դիմում են մարդիկ, ում երկար ժամանակ տանջում է ոտնաթաթի  հատվածի ցավը եւ տհաճ զգացողությունը, մինչդեռ նրանք չեն էլ կասկածում, որ խնդիրը ողնաշարի հետ է կապված»,- բացատրեց Գրիգորյանը, ավելացնելով, որ դա բավականին տարածված խնդիր է:

Նստանյարդի հետ կապված խնդիրները ճառագայթում են աճուկային շրջան, եւ շատ կանանց թվում է, թե նրանք  գինեկոլոգիական խնդին ունեն, բայց գինեկոլոգի այցելությունն անօգուտ է լինում:

Ցուրտ եղանակին մարդկանց մոտ հոդացավեր են սկսվում, ինչը կապված է ցածր ակտիվության հետ: Հոդերի եւ ողնաշարի հետ կապված խնդիրների լուծման լավագույն եղանակը բուժական մարմնամարզությունն է, որը սկսվում է հիվանդի ախտորոշումից, օրգանիզմի առանձնահատկություններից, եւ ոչ միայն: Ախտորոշումը  պարտադիր է , քանի որ շատերը որոշում են ցավերից ազատվել  մերսումների միջոցով՝ չիմանալով, որ բուժման այս եղանակը կարող է հակացուցված է լինել տվյալ դեպքի համար: Կանանց մոտ ուսերը  հիմնականում սկսում են ցավալ տոների ժամանակ, երբ նրանք ստիպված են լինում ժամեր շարունակ նստած վիճակում տարբեր ուտեստներ պատրաստել, ինչը  վատ ազդեցություն է ունենում ուղեղի, աչքերի վրա՝  ականջներում խշշոցի զգացում եւ ուրիշ ախտանիշներ առաջացնելով:

«Շատ մասնագետներ, ովքեր ստիպված են լինում երկար ժամանակ համակարգչի մոտ նստել, ձեռք են բերում մի շարք հիվանդություններ, որոնք կարող են ողնաշարի ճողվածքի վերածվել (պարանոցային, գոտկային հատվածների)»,-  նշեց Գրիգորյանը, ավելացնելով, որ այսպիսի խնդիրենրը կարող են հետապնդել նաեւ  ակտիվ մարզիկներին, ում ողնաշարը մշտապես գտնվում է  լարվածության եւ ճնշման տակ:  Ողնաշարի շեղումներով,այսինքն կիֆոզներով, շատ մարդիկ են տառապում , հատկապես դպրոցական տարիքի  երեխաները, ովքեր ծուռ են նստում աշակերտական սեղանների մոտ: Որպեսզի ողնաշարը առողջ լինի պետք է գլուխը, վիզը, պարանոցը եւ ուսերը պահել նույն մակարդակի վրա:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի այն հարցին, արդյոք  ողնաշարի խնդիրները համարվում են ձեռք բերովի կյանքի ընթացքում, թե՞ փոխանցվում են ժառանգաբար, Արմինե Գրիգորյանը նշեց, որ մարդկանց մոտավորապես 70%-ը առնչվում է ողնաշարի  ցավի եւ նվվացող զգացողության հետ այն բանի պատճառով , որ բացարձակ չի հետեւում իրեն:  Մինչդեռ կան ողնաշարի եւ կրծքավանդակի հիվանդություններ, որոնք կարող են ժառանգական լինել, հատկապես տղամարդկանց մոտ։