Կարոլինյան համալսարանը ներկայացնող շվեդ գիտնականները պարզել են, որ նստակյաց կյանքի տեւողությունը մարդու երկարակեցության կարեւոր գործոն է հանդիսանում: Նրանց համոզմամբ, ֆիզիկական վարժությունների համեմատ, այն կարող է շատ ավելի մեծ դերակատարում ունենալ, հաղորդում է Medical News Today-ը:

Գիտնականներին վաղուց է հայտնի, որ կյանքի տեւողությունը տելոմերների՝ քրոմոսոմների ծայրային հատվածների երկարության հետ սերտ կապվածություն ունի: Դրանց՝ քրոմոսոմների մաշվածքի կանխարգելմանը միտված գործառույթը հաճախ կոշիկի քուղերի պլաստիկե ծայրակալների նշանակության հետ է համեմատում: Մասնագետների համոզմամբ, նստակյաց կյանքի տեւողության կրճատումը կարող է տելոմերների երկարեցման հանգեցնել, ինչն էլ, իր հերթին, երկարակեցության գրավական է հանդիսանում:

Ֆիզիկական ակտիվությունն, անկասկած, կարող է կյանքի երկարատեւություն ապահովել, բայց, հետազոտության հեղինակների դիտարկմամբ, մարդկության մոտ նստակյաց կյանքի նկատմամբ աղետալի հակում է նկատվում: Այնքան, որ երեւույթը կարող է, ցածր ֆիզիկական ակտիվության հետ մեկտեղ, առողջության համար դարի սպառնալիքը դառնալ:

Շվեդ փորձագետները այն հիպոթեզն են առաջ քաշել, թե տարեց մարդկանց պարագայում նստակյաց կյանքի տեւողության կրճատումը կարող է, նույնիսկ ֆիզիկական վարժություններին հատկացվող ժամանակի ընդլայնման հետ համեմատ, առավել կարեւոր նշանակություն ունենալ: Նրանք հետազոտության՝ հավելյալ քաշ ունեցող 60 տարեկան 49 մասնակիցների արյան բջիջներում առկա տելոմերների երկարությունն են նախապես չափել եւ նրանց մի մասի համար 6 ամիս տեւողությամբ ֆիզիակական վարժությունների ծրագիր կազմել: Երկրորդ խմբում ներառված կամավորները ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացմանը միտված նախագծին չեն մասնակցել: Մասնակիցների կողմից տարվող օրագրերի մեջ առկա եւ հատուկ քայլաչափի կողմից տրամադրված տվյալները վերլուծելով, հետազոտության հեղինակները ոչ միայն նրանց ֆիզիկական ակտիվության մակարդակի, այլ նաեւ՝ նստակյաց կյանքի տեւողության մասին են պատկերացում կազմել:

Տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ թեեւ ֆիզիկական վարժություններ իրականացնող մասնակիցների մոտ, որպես կանոն, առավել բարեկեցիկ առողջական վիճակ է նկատվում, տելոմերների երկարության տեսանկյունից, ամենակարեւոր գործոնը պետք է նստած վիճակում անցկացված ժամանակի տեւողությունը համարել: