Ընթացիկ տարվա հուլիս ամսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնից ոչ մեծ հեռավորության վրա՝ երկրի առողջապահության ազգային ինստիտուտի ենթակայությամբ գործող լաբորատորիաներից մեկում հայտնաբերված՝ ծաղիկ հիվանդություն առաջացնող մանրէներով լի սրվակները ողջ երկրով մեկ շղթայական հետաքննությունների կազմակերպման պատճառ են դարձել, որոնք արդյունքում էլ մեկ այլ տեղադրությամբ լաբորատորիայում ռիցինի, ինչպես նաեւ բոտուլիզմի, ժանտախտի եւ հազվադեպ բնույթ կրող արեւադարձային ինֆեկցիաներից մեկի առաջացման համար պատասխանատու պաթոգենների պարունակությամբ սրվակներ են հայտնաբերվել: BBC-հաղորդմամբ, շուրջ մեկ դար առաջ պահպանության հանձնված վտանգավոր նյութերն այլեւս ոչնչացված են:

Առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացնող փորձագետների հաղորդմամբ, լաբորատորիան, որտեղ մանրէներն են հայտնաբերվել, թունավոր նյութեր օգտագործելու թույլտվություն ունի, բայց եւ խիստ վերահսկողության տակ է գտնվում: Իսկ հայտնաբերված «պատմական հավաքածուները» պահպանության են հանձնվել այն ժամանակ, երբ անվտանգության հստակ ընթացակարգեր դեռեւս չէին գործում: Մասնավորապես, խիստ թունավոր համարվող տոքսինով՝ ռիցինով լի սրվակը կարող է 85-100 տարեկան լինել:

«Առողջապահության ազգային ինստիտուտը խիստ լրջորեն է վերաբերվում տեղի ունեցածին: Վերջին բացահայտումները լաբորատորիաներում կիրառվող նյութերի նկատմամբ առավել խիստ՝ կենսաանվտանգության դաշնային կանոնակարգին համապատասխան վերահսկողություն սահմանելու անհրաժեշտության մասին են վկայում», - նշվում է հաստատության կողմից հրապարակված պաշտոնական հայտարարության տեսքտում:

Կազմակերպության հավաստիացմամբ, հայտնաբերված տոքսինները թեեւ ժամանակին անվտանգության ներկայիս կանոնների խախտմամբ են պահպանության հանձնվել, բայց եւ հերմետիկ փակ տարաներում են պահվել եւ չէին կարող աշխատակիցներից որեւէ մեկի վարակման պատճառ դառնալ: