Երկու առավել հեռանկարային դեղամիջոցները, որոնք կարող են Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի միջոց ծառայել, հիվանդության առաջացման համար պատասխանատու գենը պարունակող վեզիկուլյար ստոմատիտի վիրուսի եւ շիմպանզեի ադենովիրուսի հիման վրա են մշակվել: Այս մասին առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սեպտեմբերի 5-ին տարածված հայտարարության մեջ է նշվում: 

Խոսքը համապատասխանաբար VSV-EBO եւ ChAd-EBO անվանումները ստացած դեղամիջոցների մասին է, որոնք արդեն իսկ Միացյալ Նահանգներում փորձարկման փուլ են անցնում, իսկ Աֆրիկայում եւ Եվրոպայում կազմակերպվելիք փորձարկումները, համաձայն Էբոլայի դեմ մշակված փորձարարարական պատվաստանյութերի շուրջ ԱՀԿ ժնեւյան երկօրյա նիստի արդյունքների հիման վրա պատրաստված փաստաթղթի, սեպտեմբերի կեսերին են մեկնարկելու:

Կազմակերպության հաղորդմամբ, պատվաստանյութերի անվտանգության հաստատման պարագայում, ընթացիկ տարվա նոյեմբեր ամսից դրանք կարող են, առաջնայնության կարգով, հիվանդությամբ վարակված երկրներում աշխատող բուժանձնակազմի եւ վարակված հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող անձանց նկատմամբ կիրառության մեջ մտնել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Ավելի վաղ ԱՀԿ-ն մեկ այլ փաստաթուղթ էր հրապարակել, որտեղ մասնավորապես նշվում է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջ շիմպանզեի ադենովիրուսի հիման վրա մշակված դեղամիջոցի շուրջ 15 հազար չափաբաժիններ են պատրաստ լինելու: Վեզիկուլյար ստոմատիտի վիրուսի հիման վրա մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումները առաջիկայում են մեկնարկելու: Ներկայումս տվյալ դեղորայքի շուրջ 800 չափաբաժին գոյություն ունի:

ԱՀԿ-ի նախաձեռնությամբ՝ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ փորձարարական պատվաստանյութերի կիրառման հնարավորությունների քննարկմանը նվիրված ժնեւյան երկօրյա խորհրդակցությունները սեպտեմբերի 5-ին են ավարտվել: