Լիբերիայում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված ամերիկացի բժիշկ Ռիկ Սեկրայի մոտ առողջական վիճակի որոշակի բարելավում է նկատվում: Տեղեկությունը ԱՄՆ Նեբրասկա նահանգում գտնվող Օմահա քաղաքի բժշկական կենտրոններից մեկի ներկայացուցիչներն են հաղորդել: Խոսքն այն հաստատության մասին է, որտեղ դոկտոր Սեկրան սեպտեմբերի 5-ից ի վեր բուժման կուրս է անցնում:

«Դեռեւս վաղ է ասել, թե հիվանդը վերջնականապես ապաքինման է գնում, սակայն առողջական վիճակի բարելավումը նկատելի է: Նա նույնիսկ կատակելու փորձեր է անում, ինչը լավ նշան է», - հայտարարել է բուժհաստատությունը ներկայացնող դոկտոր Ֆիլ Սմիթը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախընթաց երկու օրերին դոկտոր Սեկրան հարազատների եւ ընկերների հետ կես ժամ տեւողությամբ տեսակապի մեջ մտնելու հնարավորություն է ստացել: 

Հատուկ մեկուսացված հիվանդասենյակում բուժման կուրս անցնող 51-ամյա ամերիկացու խնամքով 35 բժիշկներ, սանիտարներ եւ այլ մասնագետներ են զբաղվում: Նրանց հաղորդմամբ, հիվանդի բուժման նպատակով փորձարարական դեղամիջոց է գործարկվում, հաղորդում է SkyNews-ը:

Մասաչուսեթս նահանգում գտնվող Վուստեր քաղաքի բնակիչ դոկտոր Սեկրան ամերիկյան SIM քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից՝ Լիբերիայում իրականացվող առաքելության շրջանակում էր իր մասնագիտական գործունեությունը վարում: Սակայն Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված հիվանդների խնամքը նրա պարտականությունների մեջ չէր մտնում: Մահացու վտանգավոր վիրուսով վարակված ամերիկացին երկրի մայրաքաղաք Մոնրովիայի հիվանդանոցներից մեկի ծննդատանն էր աշխատում, բայցեւայնպես, չնայած անվտանգության կանոնների հետեւողական պահպանմանը, չի կարողացել Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում, ներառյալ՝ Լիբերիայում մոլեգնող ահարկու տենդից խուսափել:  

Դոկտեր Սեկրան վերջին ամիսների ընթացքում հիշյալ հիվանդությամբ վարակված երրորդ ամերիկացին է հանդիսանում: Ավելի վաղ ԱՄՆ Ջեորջիա նահանգում գտնվող Ատլանտա քաղաքի բուժհաստատությունների մեկում՝ Էմորիի համալսարանի բժշկական կենտրոնում նրա երկու համերկրացիները՝ բժիշկներ Քենթ Բրենթլին եւ Նենսի Րայթբոլն էին բուժման հաջող կուրս անցել: Ընդ որում, հիշյալ ամերիկացիները եւս Լիբերիայում էին Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվել: