ԱՄՆ 10 նահանգներում բնակվող ավելի քան հազար երեխաներ անհայտ վիրուսով հրահրված շնչառական հիվանդությամբ են վարակվել: Ենթադրվում է, որ հիվանդության պատճառն իր կառույցով առավելապես էնտերովիրուսի 68-րդ՝ խիստ հազվադեպ բնույթ կրող տիպին է նման, հաղորդում է АВС-ն:
Հիվանդությամբ վարակման դեպքերը երկրի Միսուրի, Կանզաս, Իլինոյս, Կենտուկի, Այովա, Կոլորադո, Օհայո, Օկլահոմա, Հյուսիսային Կարոլինա եւ Ջեորջիա նահանգներում են գրանցվել:
«Վիրուսը սկզբնական շրջանում կարող է սովորական մրսածությանը հատուկ ախտանշաններ՝ հարբուխ եւ հազ դրսեւորել, սակայն հարկավոր է երեխայի շնչառությունը ուշադրության տակ պահել՝ հիվանդության զարգացումը կանխարգելելու համար», - մեկնաբանում են բժիշկները՝ հավելելով, որ վիրուսով վարակումը հատկապես ասթմայով տառապող երեխաների պարագայում է վտանգավոր:
Կոլորադո նահանգում գործող մանկական հիվանդանոցներից մեկում, օգոստոսի 18-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում, շնչառական վիրուսին հատուկ ախտանշաններ դրսեւորող ավելի քան 900 մանկահասակ հիվանդներ են գրանցվել, որոնցից 86-ը հոսպիտալացվել են, իսկ մի քանիսն էլ՝ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվել:






