Բարդ փորձաքննությունների բաժնի համար խնդրահարույց է նեղ մասնագետների` դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններին մասնակցության ապահովումը: Այս մասին ասել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ դատաբժշկության գծով փորձագետ Մհեր Բիշարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ անցկացված աշխատանքային խորհրդակցություն ժամանակ՝ ներկայացնելով «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկա վիճակը, կառուցվածքը, գործունեությունը եւ զարգացման հեռանկարները։
Կարեւորվեց նաեւ գլխավոր եւ առաջատար մասնագետների ինստիտուտի ստեղծումը։ Նշվեց, որ ավելացել են հանձնանժողովային, համալիր եւ կրկնակի փորձաքննությունները: Բանախոսը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ներկայացված առաջարկներին, մասնավորապես` մարզերում դիահերձարանների վերազինման, տրանսպորտային հագեցվածության ապահովման, հիվանդանոցներում պետպատվերի հիմունքներով դատաբժշկական դեպքերի հետազոտության, արտասահմանում կադրերի վերապատրաստման խնդիրներին:
Արմեն Մուրադյանը կարեւորեց նաեւ բժշկական փաստաթղթերի լրացման չափորոշիչների ստեղծումը եւ դրանց կիրառումը: Շեշտեց, որ անհրաժեշտ է մշակել ինստիտուցիոնալ մոտեցումներ` չանդրադառնալով առանձին դեպքերի, որոնք իրավական դաշտում են: Նախարարը հանձնարարեց Առողջապահության ազգային ինստիտուտին` զբաղվել վերը նշված բոլոր հարցերով։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանն ընդգծեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ստեղծվել է 2004 թվականին, հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրով, անդրազգային հանցավորության դեմ պայքարի նպատակով: Կառույցը` որպես դատաբժշկական գիտագործնական կենտրոնին հարակից եւ այլընտրանքային ծառայություն, զբաղվում է դատաբժշկական փորձաքննություններով: Բյուրոն ունի վեց դատաբժիշկ: Նշվեց, որ կենտրոնը զբաղվում է կրկնակի փորձաքննություններով, նաեւ բժշկական իրավախախտումների վերաբերյալ առաջնային հանձնաժողովային բժշկական փորձաքննություններով:
«Պետք է նվազագույնի հասցնել բժշկական սխալների դեպքում առկա սուբյեկտիվ գործոնը: Դրա համար, կարծում եմ` անհրաժեշտ է կազմակերպել քննարկումներ նաեւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Իմ կարծիքով, ամենաարդյունավետ մեխանիզմները կլինեն գործելակարգերը, որոնք կընդունվեն առողջապահության ազգային ինստիտուտի կողմից»,-նշեց Արտաշես Ջավադյանը։
Արմեն Մուրադյանը կարեւորեց այն դեպքերի վերհանումն ու վերլուծությունը, որոնց վերաբերյալ կան իրար հակասող դատաբժշկական եզրակացություններ: «Անհրաժեշտ է ունենալ թվային տվյլաներ։ Եթե այդ եզրակացությունների թիվը մեծ է, նշանակում է` արդեն իսկ առկա է խնդիր, որը պետք է լուծում ստանա»:
Նախարարը կարեւորեց մարզերում դատաբժշկական փորձագետներով հագեցվածության խնդիրը: Դաշտի ներքին կանոնակարգման համար Արմեն Մուրադյանն ընդգծեց չափորոշիչները հստակեցնելու խնդիրը` առաջնային համարելով հատկապես բուժհաստատություններում հիվանդի պատմագրության, բժշկական փաստաթղթերի լրացման կարգի սահմանումը: «Չչափագրված կանոնները հանգեցնում են տարատեսակ իրավիճակների, ուստի գործողությունները պետք է ամրագրված լինեն` ըստ չափորոշիչների»,-նշեց առողջապահության նախարարը:
Արմեն Մուրադյանը «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ին եւ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին առաջարկեց համագործակցել վեր հանված խնդիրների լուծման շուրջ, ներկայացնել առաջարկներ` միաժամանակ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտին եւ բժշկական օգնության քաղաքականության վարչությանը հանձնարարելով սեղմ ժամկետներում մշակել մասնագիտությունների որակավորման բնութագրերը, գործելակարգերը եւ նորմատիվային այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ կազմակերպել քննարկումներ` դատաբժշկական փորձագետների, ինչպես նաեւ համապատասխան ասոցիացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Եզրափակելով խորհրդակցությունը` Արմեն Մուրադանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ հետեւողական է լինելու այս հարցերի շուտափույթ լուծման հարցում:






