Գիտնականների պնդմամբ, իրանի շրջագիծը չպետք է հասակի կեսից ավելի լինի: Եթե 30-ամյա տղամարդկանց միջին հասակը 178 սմ է կազմում, ապա նրանց իրանի շրջագիծն էլ, հետեւաբար, առավելագույնը 89 սմ պետք է կազմի: Ընդ որում, 107 սմ-ի (հասակի 60 տոկոսը) նշաձողը հատելու դեպքում տղամարդը կարող է կյանքից շուրջ 1,7 տարի կորցնել, հաղորդում է The Mirror-ը: 30-ամյա կանանց պարագայում հասակի միջին ցուցանիշը 162,5 սմ է: 81 սմ-ի փոխարեն 97,5 սմ երկարությամբ իրանի շրջագիծ ունենալու պարագայում նրանց էլ 1,4 տարվա կորուստ է սպառնում:
Հետազոտության հեղինակները 1985թ.-ից ի վեր գրանցված՝ մահացության, առողջության եւ կենսակերպի վերաբերյալ՝ պատահականության սկզբունքով ընտրված տվյալներ են ուսումնասիրել եւ կյանքի տեւողության կրճատման մասին վկայող ցուցանիշներ հայտնաբերել այն մարդկանց շրջանում, որոնք երբեւէ ճարպակալման հետ կապված խնդիրներ են ունեցել: Մասնավորապես, իրանի 142 սմ երկարությամբ շրջագիծ ունեցող 30-ամյա տղամարդիկ կյանքի միջին տեւողությունից 20,2 տարով քիչ են ապրել, իսկ 129,5 սմ իրանի շրջագծով կանայք՝ 10,6 տարով քիչ:
Ներկայումս բժիշկները, քաշի հետ կապված դատողություններ անելու համար, մարմնի զանգվածի ինդեքսի՝ մարդու քաշի եւ հասակի հարաբերության օգնությանն են դիմում: Սակայն հետազոտության հեղինակները գտնում են, որ հիշյալ ցուցանիշը բոլոր դեպքերում չէ արդյունավետ եւ, մասնավորապես ճարպակալման նշաններ դրսեւորող մարդկանց պարագայում, չի կարող վաղաժամ մահացության վերաբերյալ կանխատեսման միջոց ծառայել: Բացի այդ, գիտնականները նշել են, որ ճարպակալման՝ տղամարդկանց հատուկ անդրոիդային (խնձորային) տիպը, երբ ճարպային կուտակումներն առավելապես որովայնի վերին եւ ստորին հատվածներում են նկատվում, կանանց հատուկ՝ կոնքերում, հետույքին եւ իրանի ստորին հատվածում ճարպային կուտակումներով բնորոշվող գինոիդային (տանձանման) ճարպակալման հետ համեմատությամբ, առավել լուրջ վտանգ է ներկայացնում:






