Հայաստանի Հաշվեքննիչ պալատի տրամադրած տվյալները շինծու են։ Այս մասին հունիսի 10-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում առողջապահության նախարարության կողմից բյուջետային միջոցներից COVID-19 համավարակի հետ կապված ծախսերի Հաշվեքննիչ պալատի կողմից ավելի վաղ կատարված ստուգման արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Ներկայացված տեղեկությունն առաջացրել է առողջապահության նախկին նախարարի բավական բուռն արձագանքը։ Նրան է միացել գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։

Թորոսյանի խոսքով, վերապրոֆիլավորված հաստատությունները ստացել են ավելի շատ ֆինանսավորում, քանի որ ամբողջությամբ ներգրավված են եղել կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Իսկ մնացածները շարունակել են շահույթ ստանալ այլ պացիենտների սպասարկումից: Հիմա դուք տպավորություն եք ստեղծում, որ մենք միջոցներն առանց խնայելու ենք ծախսել»,- դժգոհել է առողջապահության նախարարության նախկին ղեկավարը։

Սրան ի պատասխան՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը մատնանշել է այլ խախտումներ։ Այսպես, զեկույցում նշված են դեպքեր, երբ փողերն ուղղվել են այն բուժհաստատություններին, որոնք ներառված չեն եղել կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված հիվանդանոցների ազգային ցուցակում։

«Օրինակ, առնվազն պետք է հիմնավորվի, թե որքանով է բակի 136 միլիոն դրամի բարեկարգումը նպաստել վարակվածների բուժմանը եւ ընդհանրապես համաճարակի կանխարգելմանը»,- ընդգծել է տեսչական մարմնի ղեկավարը։

Սրան իր հերթին արձագանքել է առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, այս դեպքում խոսքը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասին է։

«Այնտեղ կոյուղու համակարգը փտած էր, եւ բակը բարեկարգելու անհրաժեշտություն էր առաջացել»,- պարզաբանել է նախարարը։

Ջանջուղազյանը, սակայն, ուղղել է նրան եւ նշել, որ խոսքը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասին է, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։