Սիերա-Լեոնեում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացնող բժիշկ է Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվել: Կազմակերպությունից հաղորդում են, որ հիվանդը շտապ կարգով տարհանման է ենթարկվելու: Համաձայն տարածված տեղեկությունների, «Էբոլա տենդի բուժման՝ Սեորա-Լեոնեում գործող կենտրոններից մեկում վարակված մասնագետի ախտորոշումը հետազոտությամբ հաստատվել է»: Ներկայումս նա երկրի մայրաքաղաք Ֆրիթաունի բուժհաստատություններից մեկում է գտնվում: Մասնագետները հիվանդի վիճակը կայուն են գնահատել, հաղորդում է CBC-ն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակված բժշկի ազգությունը չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ համաշխարհային կազմակերպության աշխատակիցը Սիերա-Լեոնեի առողջապահության եւ սանիտարիայի նախարարության ենթակայությամբ գործող Կենեմա կառավարական հիվանդանոցում է աշխատել: Ընդ որում, մինչ մեկնարկած հետաքննության արդյունքները ստացումը, ԱՀԿ-ն տվյալ բուժհաստատության կողմից նոր հիվանդների ընդունելությունը սահմանափակելու խորհրդով է հանդես եկել: Հիշեցնենք, որ, կազմակերպության գնահատմամբ, սուր վիրուսային ինֆեկցիայով վարակված հիվանդների հետ անմիջական շփման մեջ գտնվող բժիշկներն ու բուժքույրերը ամենաբարձր ռիսկային խումբն են կազմում: Օգոստոսի վերջի դրությամբ, Գվինեայում, Լիբերիայում, Նիգերիայում եւ Սիերա-Լեոնեում ավելի քան 240 բուժաշխատողներ են հեմոռագիկ տենդով վարակվել, որոնցից ավելի քան 120-ը մահացել են:
ԱՀԿ-ի գնահատմամբ, Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում մոլեգնող եւ միջազգային առողջապահության համար սպառնալիք ներկայացնող համաճարակի դեմն առնելու համար վարակված երկրներին 12 հազար բուժաշխատողներ եւ 750 միջազգային փորձագետներ են հարկավոր:






