Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը բավական բարձր մակարդակի վրա է, սակայն կան նորագույն տեխնոլոգիաներ, որոնք այստեղ դեռեւս հասանելի չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանն է նշել:
Նրա խոսքով, նորագույն տեխնոլոգիաները, որոնք այսօր համատարած օգտագործվում են ողջ աշխարհում, Հայաստանում դեռ գրեթե չեն կիրառվում: Խնդիրն այն է, որ այդ տեխնոլոգիաների ներմուծումը եւ զարգացումը մեծ ֆինանսական ներդրումների հետ է կապված, այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում դրանցով միայն պետական մարմիններն են զբաղվում, եւ ոչ թե մասնավոր հատվածը: Հայաստանում, ցավոք, պետական մարմինները չեն աջակցում այդ տեխնոլոգիաների զարգացմանը:
Նորագույն տեխնոլոգիաների թվում մասնագետը նշեց բջջային տեխնոլոգիաները, որոնք կիրառելի են ոչ միայն պլաստիկ վիրաբուժության, այլեւ ընդհանուր վիրաբուժության մեջ եւ բժշկության բազմաթիվ այլ ոլորտներում: Բջջային տեխնոլոգիաները Հայաստանում միայն առանձին անհատներ են կիրառում՝ իրենց անձնական նախաձեռնությամբ փորձելով ներդնել դրանք երկրում: Սակայն համատարած կիրառում չկա:
«Նոր տեխնոլոգիաները լուրջ պետական ներդրումների կարիք ունեն: Ցավոք, այդ հարցում կաղում ենք», - նշել է Արմեն Հովհաննիսյանը:






