Սեպտեմբերի 9-ին Երեւանում բացվել է «Երազի Տուն» ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոնը, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են վերականգնողական բուժում ստանալ, իսկ նրանց ծնողները՝ ստանալ գիտելիքներ, շփում եւ հոգեբանի խորհրդատվություն:

«Փոքրիկները կենտրոնում կարող են ստանալ իրենց անհրաժեշտ թերապիաները, իսկ նրանց մայրերը՝ խոսել, շփվել, հաղորդակցվել: Այդ ինֆորմացիայի, տարրական շփման կարիքը մենք պետք է փորձենք այստեղ լրացնել», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է կենտրոնը Հիմնադրող «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը:

Երեւանում գործում են նաեւ այլ ներառական կրթության կենտրոններ, սակայն դրանք առաջարկում են վերականգնողական բուժում միայն երեխաների համար, բայց ոչ՝ նրանց ծնողների: «Երազի Տուն» կենտրոնը տարբերբում է այն բանով, որ այստեղ մեծ ուշադրություն է դարցվելու նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին, ովքեր սովորաբար նույնպես աջակցության եւ օգնության կարիք ունեն: Ինչ վերաբերում է երեխաներին, նրանք կենտրոնի արեւոտ եւ պայծառ սենյակում կարող են արթ-թերապիայով զբաղվել եւ օգտվել լոգոպեդի եւ հոգեբանի ծառայություններից:

Կենտրոնի հոգեբան Նունե Աղասյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ թեեւ կենտրոնը նախատեսված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, կենտրոնի դռները բաց են բոլորի համար: «Կան երեխաներ, ովքեր ոչ մի խնդիր չունեն, բայց ունեն տարիքային վախեր, շփման խնդիրներ, ագրեսիայի դրսեւորումներ… Մեր դռները նրանց համար էլ են բաց: Այսինքն, «Երազի Տունը» ստեղծված է ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող երեխաների, այլեւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր երբեւէ մասնագիտական աջակցության կարիք կունենան», - ասել է նա:

Կենտրոնի ծառայությունների դիմաց վճարունակ մարդիկ վճարելու են՝ կամ յուրաքանչյուր դասի համար, կամ՝ օգտվելով աբոնեմենտային համակարգից: Անապահով ընտանիքների երեխաների բուժումը լինելու է բոլորովին անվճար՝ «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ:

Կենտրոնի ստեղծմանն օգնել են Իդեալ համակարգը եւ Հույսի Կամուրջ Կարպ եւ Դանիդա կազմակերպությունների դրամաշնորհային ծրագիրը. նրանց օգնությամբ է կենտրոնի տարածքը վերանորոգվել եւ կահավորվել: Մնացածն արվել է «Հայ Մայրեր» ՀԿ-ի անդամների անձնական միջոցներով: Ինչպես մեր հետ զրույցում նշել է Նարինե Մանուկյանը, կազմակերպության գումարներն ուղղվում են միայն փոքրիկների վերականգնողական բուժմանը, այդ իսկ պատճառով կենտրոնի ստեղծմանը ՀԿ-ի անդամներն ուղղել են իրենց սեփական միջոցները:

Կենտրոնի բացման արարողությունը վարել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, իսկ հյուրերի համար երգել է Մերի Քոչարյանը:

«Այս կենտրոնով մենք ուզում ենք լրացնել հասարակության մեջ եղած այդ բացը, քանի որ որոշ մարդիկ վերապահորեն են վերաբերվում հաշմանդամություն ունեցող փոքրիկներին: Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ այս երեխաներն էլ իրենց նման մարդիկ են եւ ուզում են ապրել լիարժեք կյանքով», - հավելել է Նարինե Մանուկյանը: